211652_close_icon

Պաշտոն չի տրվի վարկաբեկված, տապալված, ժողովրդականություն չունեցող թեկնածուներին. «Ժամանակ»

views-count5527 դիտում article-date 09:21 06-02-2016
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտարարեց, որ ԳՄ նիստում ՀՅԴ-ի հետ կոալիցիայի կամ, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել, համագործակցության հարց չի քննարկվել: Իրականում այդ հարցը եղել է քննարկման հիմնական թեմաներից մեկը, սակայն դրա մասին դեռևս չի հայտարարվում արդյունքների բացակայության պատճառով: Մինչդեռ սպասվում էր, որ արդեն այսօր հնարավոր է հայտարարվի, թե այդ համագործակցության արդյունքում ինչ կրող է ստանալ Դաշնակցությունը: Իսկ արդյունքի բացակայությունը ՀՀԿ ղեկավարները պայմանավորել են Դաշնակցության ոչ կոնստրուկտիվ, այսպես կոչված ապակառուցողական կեցվածքով: Խնդիրն այն է, որ բանակցությունների առաջին փուլում նախագահ Սերժ Սարգսյանը Դաշնակությանը ներկայացրել է այն ոլորտները, որոնց ղեկավարումը իշխանությունը պատրաստ էր հանձնել Դաշնակցությանը: Ինչպես արդեն առիթ ենք ունեցել գրելու, դրանք են Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի ու Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունները, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետարանները: Իշխանությունը ՀՅԴ-ին առաջարկել է այդ պաշտոնների համար թեկնածուներ առաջադրել, որից հետո պետք է տեղի ունենար բանակցությունների երկրորդ փուլը, և եթե հնարավոր լիներ համաձայնության հասնել, ապա այդ թեկնածուները կնշանակվեին նախարարներ և մարզպետեր: Նախագահը հայտարարել է, որ թեև իրենք պատրաստ են ՀՅԴ-ի հետ համագործակցության, սակայն դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է պաշտոններ տա վարկաբեկված, իրենց ղեկավարած ոլորտներում տապալված, մարզերի բնակչության մոտ բացասական ընկալում ունեցող գործիչների, որովհետև դա ազդելու է ոչ միայն առանձին վերցված ՀՅԴ-ի, այլ նաև ամբողջ իշխանության հեղինակության վրա: Գերագույն մարմնի նիստում խոսակցություն է եղել, որ ՀՅԴ ներկայացրած թեկնածուներից առայժմ միակ ընդունելին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրված Արծվիկ Մինասյանն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր