211652_close_icon
views-count786 դիտում article-date 20:28 17-02-2016

Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015 թ. 6 գերակա խնդիրները կատարվել են. բժշկական 6 հաստատությունում ներդրվել է առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը, հաստատվել են կլինիկական ուղեցույցներ, պետական պատվերի տեղադրման գործընթացի բարելավման նպատակով ընդունվել է ոլորտը կարգավորող նոր նորմատիվ հրաման: Կառավարության հավանությանն է արժանացել 12 օրենքի նախագիծ և միջազգային 2 պայմանագրի նախագիծ, ընդունվել է կառավարության 61 որոշում: Շարունակվել և ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: Աշխատանքներ են կատարվել մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ։ 2015 թ. շահագործման են հանձնվել Ճամբարակի, Բերդի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնները, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը։ Տնտեսված միջոցների հաշվին 5 մարզում շահագործման են հանձնվել 6 նորակառույց և 1 հիմնանորոգված առողջության առաջնային պահպանման կենտրոններ և ամբուլատորիաներ։ Ավարտվել են ևս 5 առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի կառուցման և 1-ի հիմնանորոգման աշխատանքները։ Շարունակվել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ընթացքի մեջ է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը: Վարչապետի պահանջով 2015 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է զեկուցողներին աշխատել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով՝ հաշվի առնելով նշված բնագավառներում կոռուպցիոն ռիսկերի առկայության հնարավորությունը: Ամփոփելով հաշվետվության արդյունքները՝ կառավարության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեությունը: Վարչապետը նախարարության թիմի ուշադրությունը հրավիրել է ՀՀ մարզերում պետական պատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության և հասցեականության խնդրի վրա, որպեսզի ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները ծախսվեն արդյունավետ և նպատակային: Հովիկ Աբրահամյանը նաև կարևորել է դեղերի որակի, ինչպես նաև գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:

Նմանատիպ նյութեր