211652_close_icon
views-count83062 դիտում article-date 21:44 22-02-2016

Առեղծվածային դեպք Երևանում. 82-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. կասկածյալը ձերբակալվել է, իսկ նրա մայրը որոնվում է

Այսօր` փետրվարի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Հակոբ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Սարի թաղի 26 փողոցի բնակիչ, 20-ամյա Արշակ Ժամկոչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 20-ին ժամը 11:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ավան- Առինջ 2-րդ միկրոշրջան 1/19 շենքի բնակիչ, 82-ամյա Պարգև Կարո Յակոբյանը, ով նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում գիտակցության չգալով` մահացել է: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Նույն օրը փաստի առթիվ ավագ քննիչ Հ. Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Մինչ դատաբժիշկը վերջնական եզրակացությունը կպատրաստեր` ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացել, որ մահացածի տուն էր այցելել Ա. Ժամկոչյանը` մի կոնջ հետ, որի ժամանակ Ա. Ժամկոչյանը ծեծի է ենթարկել Պ. Կարո Յակոբյանին, իսկ հետո արդեն ծեծված վիճակում Յակոբյանին քարշ տալով տարել է զուգարան, նստեցնելով զուգարանակոնքին, ալիբի ստեղծելով, թե, իբրև, 82 -ամյա ծերունին հազիվ քայլելով` մի քանի անգամ վայր է ընկել: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են ծերունու տանից գողացված Nokia տեսակի հեռախոսը, բաճկոնն ու վարսահարդարման սարքը: Տեղի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Ա. Ժամկոչյանը բջջային հեռախոսը Վերնիսաժում փոխանակել է մեկ այլ հեռախոսի հետ: Գ. Շամշյանի տեղեկություններով` խորհրդավոր այդ կինը Ա. Ժամկոչյանի մայրն է` 50-ամյա Սրբուհի Ժամկոչյանը, ում Նոր Նորքի ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը բնակվում էր միայնակ, իսկ տղան ապրում է Երևանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր