211652_close_icon
views-count2332 դիտում article-date 20:45 01-03-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ֆերմերներ: Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` նախարարը գոհունակությամբ նշել է, որ սկսած 2011 թվականից, երբ հանրապետությունում մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագիրը, հատկապես անասնապահության ոլորտում մարզում գրանցվել է զգալի առաջընթաց: Նախարարի խոսքով` հատկանշական է սահմանամերձ Տավուշում նախորդ տարի գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված առաջընթացը, մասնավորապես 2015 թվականին մարզում շուրջ 1000 հեկտար լրացուցիչ ցանքս է կատարվել, և շուրջ 750 հեկտարով ավել աշնանացան: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին փուլում Տավուշի մարզից նախատեսված 10 համայնքի փոխարեն ընդգրկվել է 13-ը, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել (կառուցվել են 7,5 կիլոմետր ջրագծեր, 29 խմոցներ են տեղադրվել, համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա): Սերգո Կարապետյանը շեշտել է, որ երկրորդ ծրագրի հիմնական նպատակը լինելու է արժեշղթաների զարգացումը, փոքր արտադրամասերի հիմնումը, վերամշակման արտադրամասերի ու սառնարանային փոքր տնտեսությունների ստեղծումը, ինչպես նաև չորանոցների կառուցումը: «CARMAC 2 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկվել է 12 համայնք: Համոզված եմ, որ այս ծրագրով մեզ կհաջողվի մեծացնել մարզում անասնապահության ոլորտի արտադրության ծավալներն և ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Կշարունակվեն պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրերը: Առաջիկայում կսկսվի նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրումը. դրանք գյուղացիական տնտեսություններին այս տարի մոտ մեկ ամիս շուտ կտրամադրվեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական տարին ավելի վաղ է սկսվել: Մեր առաջնահերթ խնդիրն է մնում կոոպերատիվների շարժման խթանումը», - նշել է նախարարը: Միաժամանակ նա հավելել է, որ ներկայումս առաջնային խնդիրներից է գյուղմթերքի իրացման խնդիրների լուծումը և շուկաների հասանելիությունը: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. համայնքներին հատկացվել են 420 տոննա ազոտական և 5-ական տոննա ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր, ինչպես նաև 400 հազար լիտր դիզելային վառելիք: Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, 2015 թ. Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է շուրջ 23,5 հազար մ3 վառելափայտ:

Նմանատիպ նյութեր