211652_close_icon
views-count3486 դիտում article-date 10:40 11-03-2016

Ի՞նչ «խոշորագույն ավանտյուրայի» են փորձում մասնակից դարձնել Հայաստանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»: Իսկ կքննարկվե՞ն արդյոք Ռուսաստանի վերջին վիճահարույց գործողությունները Հայաստանի հանդեպ, մասնավորապես՝ Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի, հետո էլ ռազմական տվյալների հրապարակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասին: Սա չի՞ վնասում երկկողմ ռազմավարական հարաբերություններին: Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Սկակովն ասաց. «Ըստ իս՝ այդ հարցը չի քննարկվի: Կքննարկվեն ավելի լուրջ հարցեր, մասնավորապես՝ ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև այն, որ որևէ մեկը չգայթակղվի և չփորձի լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով: Տվյալ դեպքում նկատի ունեմ Բաքվից հնչող որոշ ռեւանշիստական մտքերը»: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավելի մեծ կարևորություն է տալիս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի «խայտառակ հրապարակմանը» հայկական զինված ուժերի ռազմական ներուժի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից ղարաբաղյան խնդրի այսօրվա քննարկման հիմք է հանդիսացել ոչ միայն այդ հրապարակումը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը` Թբիլիսիում ղարաբաղյան հարցի քննարկման մասին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությանը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ 28+1 ձևաչափով, ինչպես նաև Ռուսաստանի ծրագիրը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ: «Ռուսաստանը ամառվանից ունի գործողությունների դիմելու ժամկետներ: Ի՞նչ գործողություններ են՝ պարզ չէ, բայց որ ՌԴ ԶՈւ հարավային օկրուգը տեղափոխվել է Հայաստան՝ ակնհայտ է: Հայաստանը քաղաքական առումով կիսում է Մոսկվայի դիրքորոշումները, բայց Մոսկվան այլ պլաններ և ակնկալիքներ էլ ունի, որոնք տեղի են ունենալու Սև ծովում: Ակնհայտ է, որ այս ամենում Հայաստանը դառնում է տարածք տրամադրող երկիր: ՌԴ-ն փորձում է Հայաստանը մասնակից դարձնել այս խոշորագույն ավանտյուրային: Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»,- այսօրվա ասուլիսում նշել է Ստյոպա Սաֆարյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր