211652_close_icon
views-count1744 դիտում article-date 19:34 12-03-2016

Աջակցություն հավասարությանը . երբ հզորանում են կանայք, հզորանում են նաև հասարակությունները

Մարտ 11-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորեց կանանց, ովքեր մասնակցել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի, կարողացել են ԵՄ աջակցությամբ հիմնել սեփական բիզնեսը, ընտրվել են տարածքային ինքնակառավարման մարմիններում, ստեղծել են գյուղատնտեսական կոոպերատիվներ ու իրենց աշխատանքով օգնում են իրենց ընտանիքներին ու համայնքի զարգացմանը: Վանաձորյան հանդիպումը լավագույն առիթն էր տոնելու Կանանց միջազգային օրը և խոսելու ԵՄ ծրագրերի շնորհիվ Հայաստանի տարբեր համայնքներում ապրող կանանց ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին: Հանդիպումն անցավ «Աջակցություն հավասարությանը» խորագրի ներքո՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Եվրոպական միությունը ողջ աշխարհում խթանում է գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքում նշեց, որ Մարտի 8-ը միայն լավ մաղթանքների, շնորհավորանքների, նվերների կամ ռեստորաններ այցելելու համար չէ: «Մեզ համար Մարտի 8-ը լավ առիթ է՝ լրջորեն քննարկելու կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը, վերացնելու կանանց հանդեպ ցանկացած տեսակի խտրականություն, խրախուսելու, որ կանայք ավելի շատ մասնակցություն ունենան բիզնեսում և քաղաքականության մեջ: Մենք հավատում ենք, որ Հայաստանը արդիականացման մեծ խնդիր ունի և պետք է օգտագործի չիրացված ներուժը: Կանայք Հայաստանում էներգիայի և ստեղծարարության հենց այդ չիրացված ներուժն են: Նրանք ներգրավված են և՛ Կառավարությունում, և՛ Ազգային ժողովում, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցությունը շատ ցածր է: Այն դեպքում, որ Հայաստանի կանայք շատ լավ են կառավարում տնտեսությունները, կարողանում են այս դժվար պայմաններում կառավարել իրենց ընտանեկան բյուջեն: Եվ կառավարման այդ տաղանդը նրանք չեն կարողանում օգտագործել իրենց տներից, իրենց տնտեսությունից դուրս», -նշեց ԵՄ դեսպանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երեք՝ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում», ENPARD և «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրերին մասնակցող կանայք: Նրանք դեսպանին պատմեցին, թե ինչպես են ԵՄ ծրագրերն օգնել իրենց ձեռքբերումներ ունենալ թե՛ անհատական, թե՛ համայնքային մակարդակում: Օրինակ՝ Ալվարդ Դավոյանը, որ Լոռու մարզի Վարդաբլուր համայքնից է, մասնակցել է ԵՄ ENPARD գյուղատնտեսական ծրագրին և իր համայնքի 4 կանանց հետ հիմնել է կոոպերատիվ, որը, այս գարնանից սկսած, զբաղվելու է բրոկոլիի արտադրությամբ: Նա համոզված է, որ աշնանը հիանալի բերք են ստանալու և զգալի եկամուտ են ունենալու: «Համոզված եմ, որ համայնքի այլ կանայք, տեսնելով մեր հաջողությունները, շուտով կմիանան մեզ»,-ասում է տիկին Ալվարդը: ENPARD գյուղատնտեսական ծրագրի այլ մասնակից՝ Սիրանուշ Անդրեասյանը, ներգրավված է մեկ այլ կոոպերատիվում, որը զբաղվելու է գաուդա պանրի արտադրությամբ. «Մեր համագյուղացիները շատ են ոգևորվել, որ մեր գյուղում գաուդա պանիր ենք արտադրելու: Եթե մինչ այդ պակասեցնում էին անասունների գլխաքանակը՝ սպառման շուկա չունենալու պատճառով, հիմա, ընդհակառակը, սկսել են ավելացնել՝ համոզված լինելով, որ կաթը իրենցից ենք գնելու»,- մեր հետ զրույցում նշեց տիկին Սիրանուշը: Սոնա Ասրյանը հանդիպման էր եկել հայրենի Օձունից: Նա իր համայնքի ավագանու միակ կին անդամն է. «ԵՄ ծրագրի շնորհիվ ես ստացա վստահություն, որ, ինչու չէ, կարող եմ մասնակցել իմ համայնքի խնդիրները վեր հանելուն ու նաև լուծում տալուն: Շատ խնդիրներ կան, որոնք դուրս են մնում տղամարդկանց ուշադրությունից: Օրինակ՝ մեր համայքնում բարեկարգ չէր դպրոց տանող ճանապարհը: Ես առաջարկեցի խնդրին լուծում տալ, ու հիմա, շատ ուրախ եմ, որ մեր երեխաները դպրոց են հասնում բարեկարգ ճանապարհով՝ առանց իրենց գեղեցիկ հագուստը կեղտոտելու»,- ծիծաղելով ասում է Սոնան: Քննարկումից հետո ԵՄ դեսպանը ծրագրերի մասնակիցների հետ այցելեց ԵՄ «Կանանց սոցիալ- տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում Վանաձորում գործող երկու փոքր ձեռնարկություն, որոնք հիմնվել են կանանց կողմից: Դրանցից մեկը զբաղվում է արծաթագործությամբ, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, մյուսը՝ կարագի և թանի արտադրությամբ: Կանանց կողմից հիմնված և հաջողությամբ կառավարվող այս ձեռնարկությունները հաստատում են այն համոզմունքը, որ երբ բարգավաճում են կանայք, բարգավաճում են նաև հասարակությունները:

Նմանատիպ նյութեր