211652_close_icon

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է. այն վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9382 դիտում article-date 13:48 07-04-2025
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Kia», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ը կողաշրջվել և բռնկվել է: 
 
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 
 
Բախման հետևանքով 3 ավտոմեքենաները, կարելի է ասել, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով էլ խցանում է առաջացել՝ մոտ 5 կմ:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր