211652_close_icon
views-count3726 դիտում article-date 20:28 12-03-2016

Ավելի քան 8 ավագ դպրոցների XI-XII դասարանների աշակերտներ այսօր այցելեցին Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնած ճանաչողական շրջայցի նպատակը ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն աջակցելն էր: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչների, դասախոսների, ասպիրանտների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան ոչ միայն ֆակուլտետի պատմությանն ու գործունեությանը, այլև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման սկզբում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ողջունելով աշակերտներին, հույս հայտնեց, որ հանդիպումից հետո շատերը կցանկանան ընդունվել իրենց ֆակուլտետ: Արթուր Սահակյանը աշակերտներին ներկայացրեց ԵՊՀ հիմնադրման և ֆակուլտետի կայացման պատմությունը. «Հայ հասարակության մեջ կան արժեքներ, որոնք մեծապես ազդել են դրա կայացմանը: Այդ արժեքներից է նաև Մայր բուհը, որն իր մեկդարյա գոյության ընթացքում կրթել և դաստիարակել է հազարավոր ուսանողների»: Ապագա ուսանողներին ողջունեցին նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ասպիրանտներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր արժանացել են «Լավագույն ուսանող» կոչմանը: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ասպիրանտ Հասմիկ Մկոյանը ծանոթացրեց ֆակուլտետում գործող ուսանողական կառույցներին և դրանց գործունեությանը: 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Շահնազարյանն էլ աշակերտներին ներկայացրեց մաթեմատիկայի կիրառությունները կյանքի տարբեր ոլորտներում: Երևանի համար 195 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշել է մաթեմատիկայի գծով շարունակել, և այս հանդիպումն էլ բազմաթիվ օգտակար տեղեկություններ ու իրենց հուզող հարցերի պատասխանները տվեց: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակցուհի Սաթենիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նմանաբնույթ միջոցառումները շարունակական են լինելու:

Նմանատիպ նյութեր