211652_close_icon
views-count3182 դիտում article-date 09:07 18-03-2016

Ինչպես է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը «հարիֆացրել» եվրոպացիներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու-երեք տարիներին Հայաստանի փաստաբանները հաճախ են բողոքում, որ Հայաստանից մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված դիմումներին տարիներով ոչ մի ընթացք չի տրվում: Իհարկե, անցած տարվա հուլիսից, երբ ԵԴ-ում Հայաստանը նոր դատավոր ունեցավ ի դեմս ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, իրավիճակը շտկվել է, և մեկը մյուսի ետևից ԵԴ-ն Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում: Սակայն միանշանակ է, որ նախկինում այս հարցում խնդիրներ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ-ի դեմ դիմումները «քնացնելու» գործը կազմակերպել է ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը ներկայումս ՀՀ ՍԴ դատավոր է: Նա ԵԴ-ում պաշտոնավարելու վերջին երկու տարիներին 2012 թվականից մինչև 2014 թվականն այնպես է արել, որ Հայաստանի գործերը քննության նախապատրաստող գրասենյակը համապատասխան մասնագետ չունենա: Օրինակ՝ մի աշխատակիցն ամիսներով արձակուրդ է գնացել, այնուհետև գործից դուրս է եկել: Մինչև նոր աշխատակից են մրցույթով ընտրել, ամիսներ է տևել: Բայց նոր նշանակված աշխատակիցն էլ, պարզվել է, հղիության վեցերորդ ամսում է եղել: Այսինքն՝ կարճատև աշխատելուց հետո ֆիզարձակուրդ է մեկնել: Մի խոսքով՝ ամեն ինչ եղել է օրինականության շրջանակներում: Մինչև «հարիֆ» եվրոպացիների մոտ սկսել են այս խնդրի հետ կապված կասկածներ ի հայտ գալ, այս անգամ էլ Ալվինա Գյուլումյանն է որոշել ԵԴ դատավորի պաշտոնից մեկ տարի շուտ հեռանալ: Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ 2014-ի օգոստոսին: Մինչև Հայաստանը ԵԴ-ում նոր դատավոր ունեցավ, անցավ ևս մեկ տարի: Այսպիսով, Ալվինա Գյուլումյանը կարող է իշխանական շրջանակներում գլուխ գովել, որ իրեն հաջողվել է եվրոպացիներին «հարիֆացնել» և Հայաստանից ստացվող դիմումները «քնացնել» առնվազն 3 տարի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր