211652_close_icon
views-count1906 դիտում article-date 22:42 24-03-2016

Հավանության արժանացավ Տուբերկուլոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ծրագիրը

«Վերջին 15 տարում Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքար է տարվում։ Արդեն թևակոխել ենք երրորդ ծրագրի սկիզբը։ Այսօր ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագիրը»,- Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Նա հավելեց, որ մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքում ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ արդեն ոչ թե պայքարում ենք հիվանդության դեմ, այլ կարողանում ենք այն կառավարել։ Փոխնախարարը շեշտեց, որ նոր ռազմավարությունում ամրագրվել են նոր մոտեցումներ։ Նշեց, որ տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի իրականացումը բարձր գնահատականի է արժանացել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և դոնոր կազմակերպությունների կողմից։ Վահան Պողոսյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումը և բուժումն անվճար է բոլոր օղակներում։ «Մեր խնդիրն է բարելավել հիվանդացության և մահացության ցուցանիշները` հատկապես մոր և մանկան ծառայությունում, ինչն ամրագրված է նոր ռազմավարությունում»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ սոցիալական, կրթական, բուժական և մյուս ծրագրերը ֆինանսավորվում են նաև պետական բյուջեից։ Նշեց, որ այս տարի առաջին անգամ հակատուբերկուլոզային դեղերը եկող տարվա համար ձեռք են բերվելու պետական բյուջեի միջոցներով։ Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությանը զուգընթաց հետզհետե Հայաստանի Հանրապետության բյուջեից ներարկումներ են արվում, որպեսզի տուբերկուլոզի դեմ պայքարը կայուն և սահուն կերպով իրականացվի ինքնուրույն։ ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրեց տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում։ Նշեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի և հիմնական ցուցանիշների բարելավում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունների զեկույցներում նշվել է, որ նախորդ 10 տարվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ 2, իսկ մահացությանը` 3 անգամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գայանե Ղուկասյանը լրագրողներին ծանոթացրեց եվրոպական տարածաշրջանի իրավիճակին, ինչպես նաև ԱՀԿ-ի մոտեցումներին և կոչերին։

Նմանատիպ նյութեր