211652_close_icon
views-count6437 դիտում article-date 09:38 26-03-2016

Տհաճ անակնկալ Ալիևի համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին որոշում չկա, և նման հարց չի քննարկվել: Սերժ Սարգսյանն ԱՄՆ է մեկնում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար: Այնտեղ է լինելու նաև Իլհամ Ալիեւը, ինչը փորձագիտական շրջանակներին հիմքեր տվեց եզրակացնելու, որ ԱՄՆ Ալիևին էլ հրավիրում է Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպելու համար, առավել ևս, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը արդեն մի քանի ամիս հայտարարում է, որ ցանկանում են վերսկսել նախագահների պարբերական հանդիպումները: Վերջին անգամ նրանք հանդիպեցին դեկտեմբերի վերջին Բեռնում: Այնուհանդերձ, այդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները խոսում են հակառակ մթնոլորտի և տրամադրվածության մասին, առնվազն Ադրբեջանում, քանի որ Իլհամ Ալիևը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկել Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց մեղադրելով Հայաստանին պաշտպանելու համար: Այս իմաստով շատ հետաքրքրական է նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ակնարկը, այն մասին, որ Ադրբեջանը հավանաբար Ռուսաստանին չի մեղադրում: Զախարովան իրեն հարց տված հայաստանցի լրագրողին հորդորել էր Ադրբեջանից ճշտել, թե հատկապես որ համանախագահին նկատի ունի: Դատելով այն բանից, որ Բաքուն այսօր մերժում է շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմ ներդնելու առաջարկը, որի հեղինակն ԱՄՆ-ն է, կարող ենք եզրակացնել, որ Ալիևը դժգոհ է և մեղադրում է ԱՄՆ-ին: Առավել ևս, որ Մոսկվայի հետ նրա հարաբերությունները շարունակում են լինել բարեկամական եւ դրսևորվել սպառազինության առևտրի տեսքով: Այնուհանդերձ, Ալիևը մեկնելու է ԱՄՆ, սակայն դա իհարկե անպայմանորեն չի նշանակում Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն: Պարզապես Ադրբեջանի նախագահն անշուշտ չի կարող անտեսել Օբամայի հրավերը, քանի որ դա շանս է փոքր-ինչ վերականգնել Արևմուտքի հետ հարաբերությունները: Բանն այն է, որ չնայած ՌԴ հետ համագործակցությանը, Ալիևը, իհարկե, շատ լավ է հասկանում, որ ՌԴ վրա որևէ հարցում հույս դնելը անմտություն է: Եվ այդ իսկ պատճառով նա Մոսկվայի հետ հարաբերությունները կփորձի օգտագործել ընդամենը Արևմուտքի հետ առևտրի համար: Կստացվի թե ոչ՝ այլ հարց է: Դատելով առկա իրավիճակից՝ Ալիևի մոտ գոնե ստացվում է հրադադարի մեխանիզմը մերժելը: Իսկ այդ մեխանիզմը ըստ էության կապելու է նրա կրակող ձեռքերը և թույլ չի տալու այլևս ապակայունացնել իրավիճակը և դրա վրա միավորներ հավաքել: Այդ մեխանիզմի օգտին, ի դեպ, արտահայտվում են բոլորը՝ բացի Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից: Այս կապակցությամբ պետք է ենթադրել, որ մեծ արդյունք չի տվել ԱՄՆ պետքարտուղար Քերիի մոսկովյան այցը: Դժվար է ասել, թե դրանում կոնկրետ ինչ չափով են քննարկվել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրները, սակայն այն, որ ՀՀ խոսնակը հայտարարում է Ալիևի հետ հանդիպման հարց չլինելու մասին, հուշում է, որ առայժմ չի հաջողվել որևէ պայմանավորվածության հանգել ԱՄՆ-ՌԴ մասշտաբում: Իսկ եթե չլինի նման պայմանավորվածություն, ապա Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կարող որևէ կերպ նշանակալի լինել: Եվ եթե այդ հանդիպումը նշանակալի չի լինելու, ապա ԱՄՆ-ը հազիվ թե գնա դրա կազմակերպման, այն էլ՝ Վաշինգտոնում: Այդ տեսանկյունից, առավելագույնը երևի թե պետք է հուսալ, որ ամերիկյան կողմը կփորձի Ալիևի հետ, այսպես ասած, առանձին բացատրական աշխատանքի միջոցով հասնել որևէ առաջընթացի հրադադարի պահպանման հարցում: Իհարկե, եթե չկա ՌԴ հետ համաձայնություն, ապա Ալիևը կարող է բավական արդյունավետ դիմադրել՝ օգտվելով այդ հանգամանքից, սակայն, ինչ խոսք, պետք չէ բացառել նրա համար որևէ տհաճ անակնկալը Վաշինգտոնում՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչպես 2014 թվականի սեպտեմբերին Նյու Պորտում ԱՄՆ ջանքերով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Քերին րոպեներ շարունակ անտեսում էր դռան շեմին իրեն սպասող Ալիևին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր