211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:38 26-03-2016

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մասնագետներն առաջարկում են պրոֆեսիոնալ սարքը փոխարինել սիրողական ցածրակարգ գործիքով. Աշոտ Ահարոնյան

Մարտի 23- ին <Թրանսփարենսի ինթերնեյշնլ> հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետը դիտարկումներ էր արել ՀՀ ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերների վերաբերյալ և տարակուսանք հայտնել ինչպես գնի, այնպես էլ ընկերության առնչությամբ, որից այդ սարքերը ձեռք էին բերվել: Ոստիկանությունը պարզաբանում է հատկապես այդ սարքի անհրաժեշտությունը, բացատրելով՝ ինչ բաղադրիչներից է գոյանում գինը, ինչպես է կիրառվելու սարքը և այլն: Տարբեր լրատվամիջոցներով <Թրանսփարենսի ինթերնեյշնլ>-ի ներկայացուցիչները կրկին անդրադարձել են խնդրին՝ փոխելով հարցադրումը. տարակուսանքն այս անգամ վերաբերում է ոչ թե սարքի գնին, այլ հենց այդ սարքը գնելու նպատակահարմարությանը: Նրանք պնդում են, թե մենք եվրոպական երկիր չենք, չունենք այդ ալկոտեստերները ձեռք բերելու բյուջեն և կարող էինք բավարարվել 4000-8000 ռուբլանոց սարքերով: Ստիպված ենք մեկ անգամ ևս պարզաբանել արդեն իսկ պարզաբանածը: Alcovisor yupiter մոդելի ալկոտեստերը պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով սարք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղում ստուգել վարորդի խմածության աստիճանը, այլև անմիջապես պատրաստել ու տպագրել արձանագրությունը, որը ներառում է վարորդի, մեքենայի, ստուգման բոլոր արդյունքները: Սարքի վերածրագրավորումը, հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխանեցումը հենց այդ գործառույթի իրականացման նպատակն են հետապնդում, իսկ արձանագրությունը տեղում պատրաստելն անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային և բացառում կոռուպցիոն ռիսկերը: <Թրանսփարենսի ինթերնեյշնլ>-ի մասնագետներն, այս ամենն անտեսելով, առաջարկում են պրոֆեսիոնալ սարքը փոխարինել սիրողական ցածրակարգ գործիքով: Անկեղծ ասած, զարմանալի է նման տրամաբանությունը, որով առաջնորդվելու դեպքում կարելի է հասնել խմածությունը հոտ քաշելով որոշելու ընդհանրապես անվճար տարբերակին, որը ոչ միայն տեխնոլոգիական միջնադար է, այլև արդյունավետ չէ: Բանն այն է, որ ոգելից խմիչք ընդունած վարորդը ենթակա է շատ լուրջ վարչական պատասխանատվության, ուստի խմածությունը պետք է որոշվի պրոֆեսիոնալ մակարդակով, արձանագրվի համապատասխան փաստաթղթերով, և քաղաքացին էլ պետք է վստահ լինի, որ ամեն ինչ ճիշտ է, ու գործընթացին որևէ կողմնակի միջամտություն բացառվում է: Թեկուզև էժան, բայց սիրողական սարքերով այս գործընթացը մեկ փուլով իրականացնել հնարավոր չէ, և խնայողությունն էլ այս դեպքում ոչ միայն հիմնավոր չէ, այլև ի վնաս քաղաքացու է: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]էջում [/url]գրառել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Նմանատիպ նյութեր