211652_close_icon
views-count1802 դիտում article-date 17:58 01-04-2016

Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Գյումրիում տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում մարտի 31-ին իրականացվել են մի շարք քննչական դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործը վերաբերում է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած գողությանը։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել է քաղաքացի Գ.Հովհաննիսյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար, բնակարանի սեփականատիրոջ ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում 2015 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Հովհաննիսյանը ճանաչվել է որպես տուժող և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը և նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ 2015թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կասեցնելու մասին: 2016թ. մարտի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Գ.Հովհաննիսյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերի գտնվելու հնարավոր վայրերի մասին և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել գողոնի գտնվելու հնարավոր վայրերի հասցեները։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին: Միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մի շարք անձանց բնակարաններում, նրանց վարձակալած սպասարկման օբյեկտներում, ավտոմեքենաներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք 30.03.2016 թվականին բավարարվել են: Խուզարկությունների կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ 31.03.2016 թվականին կատարված խուզարկությունների արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ։ Նշանակվել է դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ և 31.03.2016 թվականին ստացված թիվ 82/12 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված գործարանային արտադրության «Նագան» մոդելի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակը պիտանի է՝ կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է ակոսափող հրազեն: Բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ 56-ամյա տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ: Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում Է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր