211652_close_icon
views-count2523 դիտում article-date 20:34 05-04-2016

Անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել. Շարմազանով

Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը. անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել: Այս օրերի ընթացքում հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով ապացուցեց, որ ինքն է եղել, կա եւ շարունակելու է մնալ իր ճակատագրի դարբինը: Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է. ուզում ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը: Նայելով քեզ, հա՛յ երիտասարդություն՝ ես վարդագույն լավատեսությամբ եմ լցվում: Դու քո հայրենիքի հերոսական պաշտպանությամբ ապացուցեցիր, որ այսօր դու ավելի լուսավոր ես քան երեկ, վաղը ավելի լուսավոր ես լինելու, քան այսօր: Ժողովուրդների պատմությունը ոչ այլ ինչ է, քան իրենց գոյամարտի պատմությունը: Չեզոքության են դիմում թույլերը միայն՝ հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը: Հարգելի խորհրդարան, Դժբախտաբար, պատերազմն ունեցել է եւ ունի իր պաշտպանները: Եվ այդ պաշտպանները, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունը, պատրաստ են արդարացում գտնել անգամ իրենց ստահակ քայլերին, ինչպես ձեռքերը լվանալով դա ժամանակին արեց Պիղատոսը: Այսօր ե՛ւ «ձեռքերը լվանալը», ե՛ւ Ադրբեջանին սատարելը հավասարաչափ հակամարդկային են: Հարգելի հայրենակիցներ, 20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, եւ, ավաղ, խաղաղության խոսքը մեր որոշ հարեւանների համար շարունակում է մնալ ձայն բարբառոյ յանապատի: Եվ այս պայմաններում մեզ մնում է առաջնորդվել հայտնի սկզբունքով՝ խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր կռվի: Մեր հերոս տղաների քաջագործություններն ապացուցեցին, որ հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիք չէ, այլ նրանց հրամայողը: Մենք ապացուցեցինք, որ բարոյական ուժն է, նախ եւ առաջ, գոտեպնդում մեզ դեպի նոր հաջողություններ, քանի որ գիտակցում ենք, որ հայրենասիրությունն է մարդկային առաքելությունների թագն ու պսակը: Խոսքս ուզում եմ ավարտել հանճարեղ Նժդեհի խոսքերով. «Պիտի ապրի հայ ժողովուրդը, պիտի ապրի, որովհետեւ այդպես է ուզում ինքը: Շնորհակալություն ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր