211652_close_icon
views-count2459 դիտում article-date 15:27 06-04-2016

Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել Էդուարդ Շարմազանովին

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության աննախադեպ լարվածության մասին` հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին: Նշվել է, որ հայ ազգի ներկայացուցիչները կրկին ստիպված են դիմակայել գոյություն ունեցող սպառնալիքներին եւ պայքարել իրենց կյանքի համար: Նա հավելել է, որ այս ամենը կատարվում է հայերի համար շատ արժեքավոր մի վայրում: «Շփման գծում զինադադարի խախտումը չի նշանակում միայն Արցախի ժողովրդի վտանգված լինելը. այն նաեւ հարձակում է ԵԱՀԿ հեղինակության, ինչպես նաեւ Մինսկի խմբի ներկայացուցիչների դեմ: Իմ կարծիքով` միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից հրատապ պարզաբանումներ պահանջի եւ երկու կողմերին էլ ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը դիվանագիտության եւ ոչ բռնի միջոցների կիրառումն է», -ասել է չեխ պատգամավորը: Ռոբին Բյոհնիշն իր զորակցությունն է հայտնել վերջին մարտերի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին` նրանց մաղթելով արիություն եւ ուժ: «Ես կարծում եմ, որ այս դաժան փորձությունն ավելի կզորացնի հայ ժողովրդին»,-իր նամակում նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր