211652_close_icon
views-count3619 դիտում article-date 11:01 08-04-2016

Մեր ժողովուրդն իսկապես արժանի է հարգանքի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պարզ է, որ քաղաքական պայքարը վաղ թե ուշ պիտի վերսկսվի ՝ դա նորմալ է, բնական է։ Բայց արդյո՞ք նույն գաղափարներով և բառապաշարով։ Ընկերներիցս մեկն ինձ այդ հարցը տվեց, որի պատասխանն ակնհայտ է՝ այո, ոչինչ չի փոխվելու, այս 4-օրյա պատերազմը նույնպես կդառնա ներքին քաղաքական շահարկումների առարկա, իսկ մեկ շաբաթում ընդհանրապես դուրս կգա օրակարգից։ Մարդիկ կվերադառնան իրենց մանր-մունր խնդիրներին։ Ես էլ հարցնեմ իմ ընկերոջ հետ միասին՝ ժողովրդի, քաղաքական ուժերի այս համախմբումը, մեր զինվորների սխրանքը մի՞թե ոչ մի ազդեցություն չի ունենա հասարակական կյանքի վրա, և մարդիկ դարձյալ կսկսեն իրար փնովել, զոհվածների արյան գնով միավորներ հավաքել և զբաղվել սոցիալական պոպալիզմով։ Այո, այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև որևէ քաղաքական ուժ անկեղծորեն չձևակերպի այն դրական տեսլականը, որը կմիավորի բոլոր քաղաքացիներին այնպես, ինչպես միավորում է արտաքին վտանգը։ Ես չգիտեմ, թե որն է այդ տեսլականը, բայց եթե քաղաքական գործիչ լինեի, այս 4-օրյա պատերազմից կանեի հետևյալ եզրահանգումները. 1/ Ոչ մի գերտերությունից պետք չէ ոչ մի բան մուրալ, ոչ էլ մուննաթ գալ, թե ինչու նրանք մեզ չեն օգնում։ Ուղարկել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանն ուղարկել է հայ-թուրքական արձանագրությունները։ Ռուսաստանի և բոլոր այլ շահագրգիռ երկրների հետ հաստատել հավասար, գործընկերային հարաբերություններ՝ չեն ուզում, իրենց գործն է։ 2/ Վերանայել մեր արտգործնախարարության աշխատաոճը՝ դարձնելով այն ավելի նախաձեռնողական և պրոակտիվ։ 3/ Առանց դատարկ սպառնալիքների, «ճակատների», հեղափոխության սին խոստումների, առանց աքլորանալու և պիտակներ կպցնելու, հանգիստ, վճռականորեն և համախմբված ձևով պարտադրել իշխանություններին հարգել իրենց քաղաքացիներին։ Մեր ժողովուրդն իսկապես արժանի է հարգանքի»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ [/b]

Նմանատիպ նյութեր