211652_close_icon
views-count25946 դիտում article-date 15:35 13-04-2016

Չի բացառվում, որ մեր զինվորների մահը վրա է հասել կենդանության օրոք նրանց խոշտանգելու արդյունքում, ոչ թե դիակներն են անարգված. ՊՆ պաշտոնյա

Այս պահին խոսում ենք ՀՀ-ին վերադարձված դիակների անարգման մասին, բայց չի բացառվում խոշտանգումների փաստը` նրանց կենդանության օրոք: Այս մասին այսօր լրագրողների հետ քննարկմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը` նշելով. «Բայց չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել և հետագայում մահը վրա է հասել խոշտանգումների արդյունքում, սա ևս կհայտնաբերվի քննության արդյունքում»: Հիշեցնենք, որ18 հայ զինվորների մարմինները Ադրբեջանը վերադարձրել է խոշտանգման հետքերով և այդ մարմինների դատաբժշկական փորձաքննությունները դեռ պետք է իրականացվեն: Պատահական չէ, որ այս տղաների հուղարկավորութունների հիմնական մասը իրականացվում է փակ դագաղներով: Ալիկ Ավետիսյանը նշեց, որ այդ մարմինների դատաբժշկական փորձաքննություններ պետք է իրականացվեն, իրականացնողը Քննչական կոմիտեն է, սակայն իր կողմից հավելեց. «Համենայնդեպս, կարող եմ անդրադառնալ իրավական գործընթացին: Գիտեք, որ կան մարդասիրական իրավունքի խախտման նորմերի խախտումներ, կոնկրետ` դիակների նկատմամբ անարգանք: Եվ մեր համար առաջնային է` պարզել, թե ինչ իրավական շրջանակներում ու մեխանիզմների միջոցով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք»,-ասաց Պաշտպանության նախարարության պաշտոնյան: Ըստ բանախոսի` Հայաստանի քրեական օրենսդրությունը նախատեսում է նմանօրինակ դեպքերին արձագանելու հնարավորություն, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածը և քրեական գործերը կհարուցվեն այդ հոդվածով: Ինչ վերաբերում է համապատասխան միջազգային նորմերին, ապա մարդասիրական իրավունքը, ըստ բանախոսի մեկնաբանության, մի փոքր ընդհանրացված է մոտենում կոնկրետ դիակների նկատմամբ անարգանքի փաստերին: «Խնդիր ունենք միջազգային պայմանագրի վավերացման առումով, որովհետև որքան տեղյակ ենք` Ադրբեջանը չի վավերացրել Ժնևյան կոնվենցիայի առաջին արձանագրությունը, որը համեմատաբար ավելի հանգամանալից անդրադարձ է կատարում նման դեպքերին»,-ասաց նա՝ հավելելով, որ միջազգային իրավունքի օրենսդրության մեջ կան որոշ ձևակերպումներ, որոնց հղում կատարելով` կարելի է հասնել որոշ հաջողությունների:

Նմանատիպ նյութեր