211652_close_icon
views-count3136 դիտում article-date 10:49 14-04-2016

Հայաստանը հիասթափված է ՀԱՊԿ-ից և ՀԱՊԿ-ի շրջանակում քննարկելու բան չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երևան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա հանդիպելու է Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, Սեյրան Օհանյանին: Ինչո՞ւ է գալիս Բորդյուժան: Պետք է ենթադրել, որ Բորդյուժան գալիս է Հայաստանին, այսպես ասած, կարգի հրավիրելու: Բանն այն է, որ եթե այդ մարդը որևէ այլ նպատակով էր գալու Հայաստան, այսպես ասած՝ անվտանգության դաշնակցային գործերով, ապա նա Հայաստան պետք է գար ապրիլի 2-ին կամ 3-ին, կամ գոնե 4-ին, քանի դեռ Արցախն ու Հայաստանը դիմագրավում էին ադրբեջանական ագրեսիան: Եթե Բորդյուժան գալիս էր որպես դաշնակից, ապա նա Հայաստան պետք է գար հենց այդ ժամանակ՝ թե՛ դաշնակցային հարցեր քննարկելու, թե՛ նաև ագրեսոր Ադրբեջանին ցույց տալու, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է կատարել դաշինքային պարտավորությունները: Այն մտքերը, թե Արցախը Հայաստանի դե յուրե տարածք չէ և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, հեքիաթներ են միամիտների համար կամ պարզապես քաղաքական դեմագոգիա: Համենայնդեպս Ղրիմի հարցում Ռուսաստանը, որ ՀԱՊԿ-ի լոկոմոտիվն է, կարծեք թե առանձնապես չկաշկանդվեց դե յուրե սահմանափակումներով: Եվ ոչ էլ Աստանան ու Մինսկն են սահմանափակվում դե յուրե դաշնակից Հայաստանի փոխարեն որևէ կերպ դե յուրե ՀԱՊԿ մեջ չտեղավորվող Ադրբեջանին աջակցելուց: Եվ ուրեմն՝ Բորդյուժան Երևան է գալիս Հայաստանին զսպելու և այսպես ասած՝ դաշնակցային կապանքները ձգելու: Մեդվեդևը եկավ դա ԵՏՄ շրջանակում անելու, և ինչպես երեկ տեսանք՝ արեց ի դեմս Հովիկ Աբրահամյանի մոսկովյան վոյաժների, հիմա Բորդյուժան գալիս է ՀԱՊԿ շրջանակում կապանքները ձգելու, որպեսզի Հայաստանը շատ չոգևորվի Ադրբեջանի նկատմամբ տարած բարոյա-հոգեբանական և նաև ռազմական հաղթանակով, որը կասեցվեց Մոսկվայի միջնորդությամբ: Հայաստանի իշխանությունը կշիռ չունեցավ չմեկնելու Մոսկվա ԵՏՄ վարչապետների հավաքին, որը պետք է Երևանում տեղի ունենար, սակայն ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության տեղի ունեցավ Մոսկվայում: Ամենայն հավանականությամբ կշիռ չի լինի նաև Բորդյուժայի հարցում, որին Երևանում պարզապես շատ գեղեցիկ կերպով կարող են տեղեկացնել, որ Հայաստանը հիասթափված է դաշինքի անդամների ընդհանրապես պահվածքից և ներկայումս չունի ՀԱՊԿ-ի շրջանակում որևէ քննարկելու բան՝ դաշնակիցների վարքը հստակեցնելուց բացի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր