211652_close_icon
views-count22858 դիտում article-date 11:00 15-04-2016

Եկել պարտքերն էին ուզում զոհված զինծառայողի ընտանիքից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքը ապրում է համեստ եկամուտով, մշակվող հողը որքան օգուտ կտա՝ դրանով էլ յոլա կգնան. ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Հարությունի աշխատավարձն էր. նա պայմանագրային զինծառայող էր: Հարությունի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում: Ծնողները չեն աշխատում, թոշակառու են, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է: Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, «Առավոտի» հետ զրույցում չի ցանկանում անգամ մի բառ ասել կենցաղային վատ պայմանների մասին, արժանապատվությունը թույլ չի տալիս, հերոսի հայրը չի կարող «մանր» բաներից դժգոհել. «Փառք Աստծո, ապրում ենք, չենք բողոքում, յոլա ենք գնում»: Հովհաննես Աբրահամյանն էլ է Արցախյան պատերազմում կռվել. ասում է՝ որդին էլ նույն բանն է արել՝ պայքարել է հայրենիքի համար. «Բայց ինքը զոհվեց, 31 տարեկան էր»: Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղն էլ հերոս տվեց ապրիլյան պատերազմում. ամսի 4-ին հրապարակված ղարաբաղյան 4-օրյա պատերազմի զոհված զինծառայողների անունների մեջ կրտսեր սերժանտ, 27-ամյա Վրեժ Սարգսյանի անունն էլ է գրված։ «Իր հայրենիքի, մի կոտր հողի համար գնացել՝ զոհվել Է, ճիշտ Է, մեր տաճարը դատարկվել Է, բայց ես մյուս կողմից՝ հպարտ եմ, ամբողջ ազգն Է սգում մեր բոլոր նահատակ տղաների համար»,-ասում է Վրեժի հայրը՝ Վարդան Սարգսյանը։ Վրեժի հայրն էլ է խուսափում ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից խոսել, էլի համեստություն է անում, չի ուզում իրենց առանձնացնել համագյուղացիներից, գյուղում գրեթե բոլորը յոլա գնալով են ապրում։ Այս ընտանիքի հիմնական եկամուտն էլ Վրեժի՝ պայմանագրային զինծառայության դիմաց ստացած 100 հազար դրամից մի քիշ ավելի գումարն էր։ Վարդան Սարգսյանը պատմում է, որ Վրեժին միշտ ասում էր՝ գնա Ռուսաստան, ուրիշ աշխատանք գտի, բայց Վրեժը հրաժարվում էր. «Չէր ուզում բանակից դուրս գար, շատ Էր սիրում բանակն ու պատվով Էր կատարում իր առաջ դրած խնդիրները, խելացի ծառայող Է եղել։ Իր զինակից ընկերներն էլ դա գիտեն, բոլորը սիրում Էին իրեն։ Վրեժի մարտական ընկերներն այնտեղ են, իրենք պատմում են, որ Վրեժի մահը, որ հասել Է՝ լացել են ու պայքարել, լացել են ու կռվել»։ Վրեժի ծնողներն էլ չեն աշխատում, կինն ու փոքրիկ երեխան ապրում են Վրեժի ծնողների հետ։ Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Սարգարյանը մեզ հետ զրայցում ասում է, որ Սարգսյանների ընտանիքը գյուղում մի փոքր հողամաս ունի, բայց այստեղ էլ բերքատվությունը շատ ցածր է. «1 հեկտարից 30 հազար դրամի օգուտ հազիվ են ունենում, անցյալ տարի էլ կարկուտ էր խփել, սաղ փչացրել է»։ Վրեժի ընտանիքը պարտքեր ունի, գյուղապետն ասում է՝ «Արեգակ» վարկային կազմակերպությունից 600 հազար դրամի վարկ են վերցրել, 85 հազար դրամ Էլ ոսկու գրավի դիմաց մի հատ բանկից են վերցրել խանութին են պարտք։ Տանը հին հեռուստացույց է դրված, սառնարան չունեն, կահույք ընդհանրապես չունեն։ Շատ ծանր է վիճակը։ Էդ վարկն էլ մինչև 2017 թվականը պիտի մարվի։ Երեկ եկել էին էդ վարկն էին ուզում, ասել ենք՝ մարդը նեղության մեջ, եկել եք փո՜ղ եք ուզում, ասել ենք՝ չտան էդ վարկը, էս մարդուն որտեղի՞ց փող։ Պետք է մի բան արվի, որ էդ վարկն ու բանկի փողը մարվեն՝ որպես օգնություն»։ Գյուղապետից երբ տեղեկացանք պարտքերի մասին, կրկին զրուցեցինք Վրեժի հոր հետ, բայց նա կրկին հրաժարվեց խոսել պարտքերի մասին, անգամ բանկի անունը չէր հիշում, միայն ասաց՝ «Կնոջս ոսկեղենն ենք գրավ դրել, խնդիր չկա, ես չեմ դժգոհում»»։ [b]Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր