12404 դիտում
19:32 16-04-2016
«Մեր պատմության ընթացքում շատ է եղել, երբ զինվորականները տարել են փայլուն հաղթանակ, բայց ապաշնորհ դիվանագետները դրանք տապալել են»
Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զրուցում ենք «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ պատմության դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։
-Պարոն Մելքոնյան, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին լարվածության առաջացման պատճառները որո՞նք են։
-Դրանք շատ ավելի խորքային են, քան շատերը պատկերացնում են: Այստեղ կան և՛ ներքին, և՛ արտաքին լուրջ շարժառիթներ: Նախ սկսեմ արտաքինից: Սիրիայում և Իրաքում կենտրոնացած տասնյակհազարավոր գրոհայինները սիրիական ճգնաժամի լուծումից հետո, բնականաբար, չէին գնալու տուն ու ապրելու խաղաղ կյանքով: Բնականաբար, ինչպես ցույց տվեցին վերջերս Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները, բոլորը հասկացան, որ այդ խմբերը կարող են լուրջ գլխացավանք լինել, և այդ բացասական երևույթը պետք է ուղղորդել այլ ուղղությամբ, հակառակ պարագայում իրենք կկանգնեն այդ խնդրի առջև: ՈՒստի դեռ ամիսներ առաջ երևում էր, որ սիրիական ալիքը հնարավոր է՝ տեղափոխեն կամ Անդրկովկաս՝ ի դեմս Արցախի, կամ Միջին Ասիա: Այստեղ կա նաև թուրքական գործոնը, որ ցանկանում է ողջ միջազգային հանրության ուշադրությունը Սիրիայից տեղափոխել Կովկաս և իր համար նպաստավոր պայման ստեղծել Սիրիա մտնելու համար: Իսկ ինչ վերաբերում է ներքին խնդրին, ապա Ալիևը փորձեց ցույց տալ, որ միլիարդավոր գումարներն իզուր չեն ծախսվել, և իրենք կարողացել են թեկուզ 300 մետր, բայց առաջ շարժվել: Սա ադրբեջանական իշխող ռեժիմի համար շատ լավ պրոպագանդայի նյութ է, ինչին ականատես ենք լինում:
-Ասում են՝ Ադրբեջանի արկածախնդրությունը պլանավորվել էր մի քանի մայրաքաղաքներում, բայց ծրագիրը ձախողվեց:
-Այն կարծիքը, որ պլանավորվել է մի քանի մայրաքաղաքներում, ավելի շատ նման է դավադրության տեսության, այնքան էլ այդպես չէ: Եկեք վերլուծենք և հասկանանք, թե ում է ձեռնտու: Սկսենք Ռուսաստանից: Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ ՌԴ ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադարձ Ռուսաստան: Երրորդ ճանապարհ կամ հուսահատության փակուղիներ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Այս գրքում հեղինակը շատ նրբորեն անդրադառնում է քեմալա-բոլշևիկյան մերձեցմանը, որի հետևանքներից մեկը եղավ այն, որ Լենինը համաձայնեց Հայաստանի տարածքային զիջումներին՝ ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի: Բայց քեմալականները, որոնք խոստացել էին դառնալ բոլշևիկների դաշնակիցը, խաբեցին նրանց: Ես այս գիրքը և հեղինակին պատահաբար չնշեցի, նման նշանավոր հեղինակներ Ռուսաստանում կան, որոնք հասկանում են, որ Թուրքիային վստահել չի կարելի, ու նրա ճնշման պատճառով Ադրբեջանի օգտին գործելը հակասում է նաև Ռուսաստանի շահերին, և այդ տեսակետն ամրապնդվեց ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: Ինչպես մենք, այնպես էլ իրենք հասկանում են, որ քեմալա-բոլշևիկյան մերձեցման պատմության կրկնությունը չի կարելի թույլ տալ: Հետևաբար Ռուսաստանին ձեռնտու չէ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծել իր հարևանությամբ, մանավանդ որ դեռևս առկա են խնդիրներ Սիրիայում, ՈՒկրաինայում, ակտիվացել են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները: Իսկ ինչ վերաբերում է մյուս մայրաքաղաքներին, ապա հստակ է այստեղ Անկարայի անմիջական դերը, որը, ինչպես նշեցի վերևում, այս պահին հանդես է գալիս լուրջ տարածաշրջանային ակտիվ քաղաքականությամբ և Ադրբեջանին բացահայտ պաշտպանելու նախաձեռնությամբ:
-Մենք կասեցրինք պատերազմի վերսկսման վտանգը ռազմական դաշտում։ Հարցը կարողանո՞ւմ ենք արդյոք համարժեքորեն լուծել, զսպել Ադրբեջանին դիվանագիտական հարթակում։
-Նախ՝ մենք կասեցրել ենք Ադրբեջանին ժամանակավորապես: Կարծում եմ՝ նման պայմանների շարունակման դեպքում ավելի մասշտաբային պատերազմը դեռ առջևում է: Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտական ասպարեզին, ապա շատ կարևոր եմ համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի օր առաջ ունեցած հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Մերկելի հետ և եվրոպական բարձր ամբիոնից առկա խնդիրները բարձրացնելը: Սակայն մեր պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ զինվորականները տարել են փայլուն հաղթանակ, բայց ապաշնորհ դիվանագետները դրանք տապալել են: Օրինակ կարող եմ բերել 1918 թ. Բաթումի պայմանագիրը, երբ հայկական բանակը հաղթեց Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում, բայց մեր դիվանագետները գնացին Բաթում և կնքեցին մեզ համար շատ նվաստացնող հաշտության պայմանագիր, որով Հայաստանի տարածքը կազմում էր մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր: Դիվանագիտական ասպարեզում պետք է ուշադիր լինենք և այս սխալը թույլ չտանք՝ միաժամանակ ձգտելով Արցախը դարձնել բանակցային կողմ:
-Չի բացառվում, որ Ադրբեջանը շարունակի ագրեսիան։ Ի՞նչ հետևություններ պետք է կատարենք վերջին հարձակումներից հետո։ Ի՞նչ պետք է անենք հաջորդ փուլը կանխելու համար։
-Նախ՝ ապրիլյան այս կարճ ռազմական գործողություններից պետք է դասեր քաղենք, քանի որ ևս մեկ անգամ հասկացանք, որ պետք է նորագույն տեխնոլոգիաները բերել բանակ: Վերջին տարիներին ՊՆ-ն՝ ի դեմս Սեյրան Օհանյանի, բավականին քայլեր կատարել է այս ուղղությամբ, բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ տարվող աշխատանքները կարիք ունեն նախ ֆինանսական ավելի լուրջ աջակցության և արագացման: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի հաջորդ փուլը կանխելուն, ապա այստեղ գործում է հստակ բանաձև. հակառակորդը պետք է բոլոր ոլորտներում (խոսքը միայն բանակին չի վերաբերում) իրեն զգա ավելի խոցելի:
-Ղարաբաղյան հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է։ Չի՞ նշանակում արդյոք, որ այս կառույցը կենսունակ, արդյունավետ չէ։
-Այն, որ ԵԱՀԿ-ն այնքան էլ արդյունավետ չէ, փաստում է ապրիլի սկզբի ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ կա՞ ավելի լավ կառույց, որը կարող է լուծել: Իհարկե, այս պահին չկա, և մենք պետք է կարողանանք աշխատել եղածի հետ ու թույլ չտալ Ադրբեջանին փոխել Մինսկի խմբի ձևաչափը:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ առաջին և երրորդ նախագահների հանդիպումը։
-Շատ ողջունելի քայլ է: Այս դեպքը խոսում է երկու կարևոր փաստի մասին. նախ՝ ՀՀ-ում ձևավորում է գեղեցիկ քաղաքական մշակույթ, երբ բոլորն ազգային կարևոր խնդիրների շուրջ համախմբվում են, և այս դեպքը լավ օրինակ է։ Երկրորդ, այս հանդիպումը նշանակում է, որ Արցախի հարցում ընթանում են լուրջ և մտահոգիչ գործընթացներ, ինչը պետք է կանխել բոլորի ջանքերվ: Իսկ ինչ վերաբերում է առաջին և երկրորդ նախագահների արտահայտվելուն, ապա դա բնական է, քանի որ նրանց չեն կարող չմտահոգել Արցախի շուրջ կատարվող իրադարձությունները, պարզապես այստեղ նրանց մոտեցումների հարցն է, որն առանձին խոսակցության թեմա է։
-Վերջին իրադարձությունները նաև համազգային համախմբման առիթ դարձան։ Ի՞նչ պետք է անեն իշխանությունները համազգային այդ համախմբումը կապիտալի վերածելու և հերթական անգամ հանրությանը չհուսահատեցնելու համար։
-Այն թյուր կարծիքը, թե 1988 թ. արցախյան շարժումը չի կրկնվի, մարդիկ անտարբեր են, այդ թվում նաև՝ արցախյան խնդրում, մեղմ ասած, չէր համապատասխանում իրականությանը: Իսկապես մենք ականատես եղանք ազգային համախմբման մի հզոր ալիքի, որը 1988-ից հետո աննախադեպ էր: Կամավորական շարժումը ցույց տվեց, որ մարդիկ հասկանում են, որ իշխանությունը և պետությունը տարբեր են, և տարանջատում են, մինչդեռ տարիներ առաջ շատերը ասոցացնում էին: ՀՀ քաղաքացին հասկանում է, որ ինքը կարող է իշխանությունից նեղացած լինել, բայց հայրենիքից՝ երբեք, և այս մտածողությունից է գալիս այսպիսի հզոր կամավորական շարժումը: Եթե 1920 թ. Կարսը առանց կրակոցի քեմալական բանակին հանձնած հայ զինվորները ևս այսպես մտածեին, ապա Հայաստանը տարածքային այդպիսի կորուստներ չէր ունենա: Իշխանությունը պետք է կարողանա այս համախմբվածությունը և միասնությունը տարածել Հայաստանի ներքին կյանքի և հատկապես տնտեսության հզորացման վրա։ Այդ ժամանակ կունենանք լրիվ այլ որակի պետություն:
Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Նյութի աղբյուրը՝ [url=http://www.irates.am/hy/1460669200]www.irates.am[/url]
Նմանատիպ նյութեր
811 դիտում
09:00 31-08-2024
Ի՞նչ պետք է հասկանան գործող դիվանագետները, զինվորականները և իրավապահ համակարգի աշխատակիցները. «Փաստ»
3143 դիտում
21:54 20-10-2021
Հայ բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
922 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է