211652_close_icon
views-count9075 դիտում article-date 22:16 22-07-2016

«Դիրքերում պետք է անտեսես ամեն ինչ` վախ, հուսահատություն, սեր ու անգամ կյանքդ պետք է մի կողմ շպրտես»․ Արայ Զարգարեան

Երբ մարդկային գիտակցությունը բխում է հաղթական ոգուց, այդ ժամանակ մարդը դառնում է անպարտելի: Այս խոսքերը դրոշմելով ուղեղիս ծալքերի վրա, ես գնացի բանակ: Ճիշտ է, սկզբնական շրջանում դեռ չէր հասունացել այն գիտակցությունը, որ հասկանամ թե ինչ պետք է անել այստեղ, բայց ժամանակի ընթացքում սկսեցի դառնալ հայ զինվոր: Վեց ամիսը հազիվ էր լրացել, երբ իմացա, որ շուտով պետք է բարձրանամ մարտական դիրքերը պաշտպանելու: Այդ ժամանակ հոգուս զորությունը սկսեցի մի քանի անգամ բազմապատկել: Վերջին գիշերն էր, որ զորամասում էի մնում, առավոտյան շարժվելու էինք դիրքեր: Ամբողջ գիշեր անհանգիստ էի, քանի որ գնում էի նոր աշխարհ բացահայտելու: Առավոտյան հասանք մարտական դիրք: Առաջին անգամ ոտքերիս տակ զգացի արյունոտ հողի ուժը: Խրամատի մեջ գերբնական սեւ ուժ կար: Քայլում էի ու աչքերիս առաջ ակամայից գալիս էին պատերազմի դաշտում զոհված տղերքը: Նրանք իրենց մահով մեզ ապահովեցին խաղաղ կյանք: 157-րդ մարտական դիրքը պիտի պաշտպանեի: Պատերազմի տարիներին այդ դիրքում կռվել ու պայքարել էր Աշոտ Ղուլյանը (Բեկորը): Գետնատնակ մտնելուն պես աչքիս առաջ շողաց նրա պատկերը, իր աչքերում եղած գերբնական ուժը ծակեց անցավ սիրտս: Սկսեցի անցկացնել ծառայությունս: Անցան օրեր, ամիսներ ու ժամանակի ընթացքում կատարելագործվելով դարձա հայրենիքի պաշտպան: Ամեն գիշեր, ծառայությունը անցկացնելուց առաջ, մոտենում ենք մարտական դիրքում գտնվող փոքրիկ խաչքարին` մոմ վառում, աղոթում, որ ամեն ինչ անփորձանք անցնի ու գնում ծառայության վայրը: Գիշերը, երբ բոլորը քնած են իրենց անկողիններում, իսկ դու այդ քամու առաջ հայորդու կուրծքդ դեմ տված պաշտպանում ես հայրենիքդ, դա համարվում է սրբազան գործ: Ինչպես ասում է Նժդեհը` մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է: Դիրքում անգամ ամենաանհավատ մարդը օրվա մեջ մի քանի անգամ հիշում է Աստծուն ու նրանից ուժ խնդրում: Այստեղ պետք է անտեսես ամեն ինչ` վախ, հուսահատություն, սեր ու անգամ կյանքդ պետք է մի կողմ շպրտես: Հետագայում հպարտությամբ ես հիշում այդ ամենը: Հիմա գիտեմ, որ իմ հայրենիքի մի մասնիկն եմ կազմում: Ինչպես ասում են՝ Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները: Ես սահմանին կանգնած, այդ մեծ գծի մի մասնիկն եմ կազմում, դրանից վեհ հպարտություն կարծում եմ չկա այս աշխարհում: Բոլորս պետք է հասկանանք, որ սա է մեր հայրենիքը: Ով հայրենասեր չէ, նա առաջին հերթին իր թշնամին է: Պետք է գիտակցենք, որ մեր պապերն ու հայրերը զոհվեցին, որ մեզ կտակեն այս քաղցրահամ հողը: Այն պետք է ամուր պահենք մեր ձեռքերի մեջ: Մեր հայրենիքին պետք է վերաբերվենք, որպես հոր կողմից մեզ կտակված մի փոքրիկ, բայց սրբազան նվերի եւ միայն այդ դեպքում ատամներով անգամ կպահենք այս սուրբ հողը: Փառք ու պատիվ բոլոր զոհվածներին եւ նրանց, ովքեր կենդանի մնալով, մեզ հետ շարունակում են դավանել հայրենասիրություն: Եվ փառք նրանց, ովքեր հիմա զենքը ձեռքում ամուր բռնած, մահվան առաջ հպարտ կանգնած, ապահովում են մեր հանգիստն ու խաղաղ կյանքը: Հպարտացեք, որ Հայ եք ծնվել, Հայ կաք ու կմնաք հավերժ: Արայ Զարգարեան․2012 թվական, Աղդամ՝ մարտական դիրքեր

Նմանատիպ նյութեր