211652_close_icon
views-count782 դիտում article-date 18:50 20-04-2016

Վարչապետը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև 2015 թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը պատեհ առիթ է՝ ՀՀ գիտնականների աշխատանքի արդյունքները քննարկելու և ամփոփելու, հետագա անելիքները նախանշելու համար: «Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերն ուղղված են լինելու ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը: Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակում կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես, Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին ՀՀ ասոցացված մասնակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին», - ասել է վարչապետը: Ամփոփելով զեկուցումները՝ վարչապետը ներկայացրել է գիտության ոլորտում ապագա անելիքների վերաբերյալ իր տեսակետը. «Նախ, պետք է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, ձևավորել գիտության, տեխնոլոգիաներ և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»: Այնուհետև անդրադառնալով բարձրացված հարցադրումներին, որոնք վերաբերում էին ԳԱԱ աշխատակիցների սոցիալական խնդիրներին, սարքավորումների վերազինմանը, նոր գիտական ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կքննարկի և կուսումնասիրի այդ առաջարկությունները: Մի շարք հարցերի առնչությամբ էլ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկու տարի ակտիվ համագործակցելով Ակադեմիայի հետ՝ ուշադրության կենտրոնում է պահում կառույցի խնդիրները և միաժամանակ ակնկալում է գործնական արդյունքներ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով և ներկայացնել ողջամիտ ծրագրեր, որոնք պետք է նաև ֆինանսապես արդյունավետ լինեն:

Նմանատիպ նյութեր