211652_close_icon
views-count4862 դիտում article-date 15:57 27-04-2016

Ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ: Նման խորը վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը: Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները գնահատում են լավ: Նրանցից մեկը` 14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման: Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաև 62-ամյա կինը, ով պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ): Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր