5568 դիտում
18:59 27-04-2016
Ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը. նոր մանրամասներ ավտոբուսի սրահում տեղի ունեցած պայթյունի գործով
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի[/url] մի շարք հանգամանքներ, դեպքի պահին ավտոբուսում գտնված բոլոր անձանց ինքնությունը։
Քննությամբ հիմնավորվել է, որ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի։ Վարորդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։
Պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նույն օրը պարզվել է պայթյունի պահին ավտոբուսում գտնված վարորդի և 8 ուղևորների (7 վիրավորների և 1 զոհի) ինքնությունը։ Անհետագելի քննչական գործողությունների շրջանակներում նշված 9 անձանց բնակարաններում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում քննության համար հետաքրքիր որևէ առարկա չի հայտնաբերվել, տեղի ունեցած պայթյունին նրանց առնչության վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չի բերվել, և նրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածը հերքվել է։
Քրեագետների հետ միասին դեպքի վայրում կատարվել է զննություն, որի արդյունքում, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որը չի պատկանել նշված 9 անձանց։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 2 դատվածություն ունեցող Ռուբեն Բալյանը, ինչպես նաև՝ նրա բնակության վայրը։
Վերջինիս և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն և համեմատության համար փորձագետներին տրամադրվել է Ռ. Բալյանի մոր արյան նմուշները, իսկ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նշանակված փորձաքննությամբ փաստվել է, որ դիակը պատկանում է Ռուբեն Բալյանին։
Ռ.Բալյանին պատկանող՝ Ձորաղբյուրում գտնվող տանը, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է դեղնաշագանակագույն պայթյունավտանգ նյութ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, բազմաթիվ պայթագլաններ, դետոնատորներ, պայթուցիչներ, քուղեր (фитиль), տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝ էլեկտրասարքավորումներ՝ տրանզիստորներ, ռելեներ և այլն:
Հայտնաբերված առարկաներից նույնպես վերցվել են փորձանմուշներ, և նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանց վրա առկա է Ռ.Բալյանի ԴՆԹ-ն։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների և ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Թիվ 63 երթուղու երկայնքով առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռ.Բալյանը թիվ 63 երթուղու ավտոբուսը բարձրանալիս իր հետ ունեցել է ուսապարկ։
Պայթյունի առաջացման պատճառը, օջախը և քրեական գործով էական նշանակաություն ունեցող մի շարք այլ հարցերը պարզելու համար նշանակվել է դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Թիվ 63 երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի 48-29Տ հաշվառման համարանիշի ավտոբուսում պայթյունը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բանուկ մասում՝ թիվ 15-րդ շենքի դիմացի հատվածում։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև Ռ.Բալյանի տան խուզարկությամբ առգրավված պայթուցիկ նյութերի, փամփուշտների ձեռք բերման աղբյուրը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված