211652_close_icon
views-count3262 դիտում article-date 23:28 08-02-2022

44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չեն տրամադրվում. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունները չեն տրամադրվում։

Իրավասու մարմինները բավարարվում են միայն գրավոր կամ բանավոր հայտնելով, որ համընկնում կա, բայց դատագենետիկական եզրակացությունները ընտանիքներին չեն տրամադրում։ Մինչդեռ փորձագիտական եզրակացությունը կազմվում է այն նշանակելու որոշումից 30 օրվա ընթացքում, (ծավալուն փորձաքննությունների և փորձագետների զբաղվածության դեպքում՝ ևս 30 օր), իսկ քրեական գործի շրջանակում տուժողի իրավահաջորդին է տրամադրվում եզրակացությունն ստանալուց 10 օրվա ընթացքում։ 

44-օրյա պատերազմի մասնակից Արման Մանուչարյանի հայրը որդու վերաբերյալ հարուցված քրեական գործում առկա փորձաքննությունների և կատարված նմուշառումների վերաբերյալ փաստաթղթերը ստանալու հարցով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ավելի քան մեկ տարի քննվող քրեական գործի շրջանակում այս պահանջը նա պարբերաբար ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչություն, բայց տարբեր անհասկանալի պատճառաբանություններով մերժում ստացել։

2021 թ․ նոյեմբերի 9-ին ևս մեկ անգամ այդ հարցով դիմում ներկայացնելուց և սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո Արշակ Մանուչարյանը ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի աջակցությամբ դեկտեմբերի 2-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայցվող փաստաթղթերն ստանալու և վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառները պարզելու ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկելու հարցով։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը դեկտեմբերի 6-ին բավարարել է բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորել և սահմանափակել է տուժող կողմի իրավունքները։ Չնայած սրան՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչությունը մինչ օրս շարունակվում է այդ անթույլատրելի գործելաոճը և տուժողի իրավահաջորդին չի տրամադրում հայցվող փաստաթղթերը։

ՀՔԱՎ դիմած մեկ այլ ընտանիք 44-օրյա պատերազմի մասնակից որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել 2020 թ․ հոկտեմբերի 4-ին։ Նրա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենալով՝ ընտանիքը դիմել է ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի աջակցությանը։ Վերջինս 2021 թ․ սեպտեմբերի 14-ին դիմել է ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ տեղեկություն ստանալու, թե արդյոք պատերազմին մասնակցած Գ․ Ա․-ի վերաբերյալ քրեական գործ է քննվում, արդյո՞ք ԴՆԹ համընկնում կա և ի՞նչ գործողություններ են կատարվել դրա հիման վրա։ Պատասխան չստանալուց հետո նույն հարցով Քննչական կոմիտե Ա․ Չատինյանը դիմել է դեկտեմբերի 29-ին, կրկին՝ ապարդյուն։

Քննչական կոմիտեն ակնհայտ անգործություն է դրսևորում հասարակության և հատկապես պատերազմին մասնակցած զինծառայողների ընտանիքների համար այսպիսի զգայուն հարցերում՝ տեղեկատվական անորոշության մեջ թողնելով նրանց և չդրսևորելով տարրական հարգանք պատերազմի մասնակիցների ընտանիքների նկատմամբ։ Տպավորություն է, թե Քննչական կոմիտեն չի ընկալում այդ տեղեկությունների պատշաճ ու ժամանակին տրամադրելու կարևորությունը։

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները հարազատներին գրավոր չտրամադրելը կասկածի տակ է դնում իրականացված փորձաքննության հավաստիությունը, քանի որ անձն իր աչքով չի տեսնում այն եզրակացության ամբողջական տեսքը, որի շրջանակերում համընկնումներ են լինում, հնարավորություն չի ունենում մանրամասն ուսումնասիրելու դրանում տեղ գտած տեղեկությունները և տվյալները, որոնք կվկայեն իրենց հարազատը լինելու մասին։ Վստահությունը նվազում է հատկապես այն դեպքում, երբ լիարժեք չի կատարվում ճանաչման գործողությունը, քանի որ հաճախ ամբողջական մարմին չի ցուցադրվում, մասունքների դեպքում բավականին բարդ է, առանց փաստագրման մասին եզրակացությունը տեսնելու, այլ միայն այդ մասին տեղեկության հիման վրա մասունքն ընդունել և հուղարկավորել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարմնի տարբեր մասունքներ են ճանաչման ներկայացվում, և կան դեպքեր, որ ընտանիքները ներկայացված մասունքների և իրենց հարազատի մարմնի բնութագրերի միջև տարբերություններ են տեսնում։

Արձանագրում ենք, որ փորձաքննություններ չիրականացնելու և ճանաչման գործողությունը ոչ պատշաճ կատարելու գործընթացում արձանագրված խնդիրները խիստ մտահոգիչ են. պետությունն, ի դեմս իր ներկայացուցիչների, պարտավոր է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ բարելավելու պատերազմում զոհված անձանց դատագենետիկական փորձաքննությունների և ճանաչման գործընթացը և դրանով վստահություն ձևավորելու նրանց ընտանիքների մոտ։

Նմանատիպ նյութեր