211652_close_icon
views-count2149 դիտում article-date 11:13 28-04-2016

Պաշտոնական գործողումների ծախսերն ավելանալու են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ հասարակությունն այսօր քննարկում է սահմանի համար զենք ձեռք բերելու հնարավորությունները, իսկ ԼՂՀ կառավարությունը դիմել է համայն հանրությանը և աջակցություն է խնդրում, ՀՀ կառավարության ծախսերն այս տարի, պարզվում է, ոչ միայն չեն կրճատվել, այլև որոշ մասերով աճել են: Օրինակ՝ կառավարությունն այս տարի նախատեսել է 20 մլն դրամ ծախսել օդային փոխադրումների՝ ավիատոմսերի համար, նախորդ տարվա 12 մլն-ի դիմաց: Ասել է թե՝ 8 մլն-ով ավելացել են ավիատոմսերի ծախսերը: Ընդ որում՝ պաշտոնական գործուղումներն իրենցից ենթադրում են այլ ծախսեր ևս: Արտասահմանյան գործուղումների համար կառավարությունը այս տարվա փետրվար և մարտ ամիսներից տոմսերի պատվերների կենտրոնացված համակարգ է ներդրել, և պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները գործուղումների ուղևորվելու են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը: Այս դեպքում առնվազն անհասկանալի է ավիատոմսերի գնման համար գումարի ավելացումը մոտ 65 տոկոսով: Հիշեցնենք, որ նոր ընդունված կարգի համաձայն՝ նախարարները նույնպես ուղևորվելու են էկոնոմ դասի տոմսերով՝ բացառությամբ, եթե թռիչքի տևողությունը ութ ժամից ավելի է: Բիզնես կլասով ուղևորվելու են միայն Ազգային անվտանգության խորհրդի անդամները: Հիշեցնենք, որ խնայողությունների անհրաժեշտությունից խոսող կառավարությունը անցյալ տարեվերջին լրացուցիչ 50 մլն դրամ հատկացրեց ԱԺ-ին՝ արտասահմանյան գործուղումների ճեղքվածքը փակելու համար: Իսկ անցյալ տարվա մայիսին գործադիրը 60 մլն դրամով ավելացրել էր 2015 թվականի առաջին եռամսյակի գործուղումների համար նախատեսված գումարը, քանի որ նախատեսվածը քիչ էր եղել: Որոշմանը զուգահեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր ձեռնպահ մնալ այն գործուղումներից, որոնք կարևոր չեն: Այսինքն՝ մի կողմից ավելացվում են գործուղումների գումարները, մյուս կողմից՝ հնչում է կոչ, որն անհասկանալի է, ավելացված 60 մլն-ի ֆոնին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր