211652_close_icon
views-count6060 դիտում article-date 16:48 12-05-2016

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին

Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի 4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացավ առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ 300 գիրք: Առանձին բաժնով ներկայացված էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականությունը: Ալբոմային հատվածն ընդգրկում էր Հայաստանի պատմությունը և մշակույթը, իսկ գեղարվեստականը՝ դասական, ժամանակակից և թարգմանական գրականություն: Հայկական տաղավարի այցելուները հատկապես հետաքրքրված էին ալբոմային գրականությամբ` Ա. Գորկի, Վ. Սուրենյանց, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան, Յու. Յակուլով, Թերլեմեզյաններ, Հովնաթանյաններ, ինչպես նաև «Հայկական հուշարձանները կերպարվեստում», «Կինը հայ կերպարվեստում», «1915+100» կերպարվեստի ու տոնածիսական մշակույթը ներկայացնող ալբոմներով: Այցելուների ուշադրության առանցքում էր նաև քարտեզագրական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնող գրականությունը: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի պարսկերեն թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում այցելուների շրջանում: Հատկանշական է, որ ռուսական հրատարակչությունների տաղավարներում ցուցադրված էին հայկական Կարմրավոր եկեղեցու ստվարաթղթե կառույցները, իրանականում՝ պարսկերեն-հայերեն բառարաններ, Իրանի մշակութային գունապնակն արտացոլող գիրք-ալբոմներ՝ հայերի մշակութային-կրոնական հետքերով: ԻԻՀ մշակույթի նախարարության հրավերով՝ Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր ավստրալաբնակ հայ լուսանկարիչ Նուրան Զորլուն: Ցուցահանդեսի շրջանակում իրանական տաղավարում տեղի ունեցավ Ն. Զորլուի «Պարսկաստանից Իրան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Լուսանկարչի աշխատանքը մասնակի անդրադարձ էր նաև իրանահայերի կենցաղին և մշակույթին: Շնորհանդեսին հեղինակը նշեց, որ նախաձեռնել է տարբեր երկրներում հայկական հետքը ներկայացնող՝ նմանատիպ գրքերի շարք: Ցուցահանդեսի ավարտին հայկական տաղավարում ցուցադրված գրքերը կնվիրաբերվեն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության գրադարանին և «Արտակ Արք. Մանուկեան» թանգարանին: Իրանի հայկական «Ալիք» օրաթերթը ընդարձակ հոդվածով անդրադարձել է ցուցահանդեսին և հայկական տաղավարին:

Նմանատիպ նյութեր