211652_close_icon
views-count9559 դիտում article-date 09:46 14-05-2016

Լավ ենք արել՝ թալանել ենք, ու շարունակելու ենք թալանել. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Ապրիլյան պատերազմի օրերին ոմանց կողմից հայտնվող հույսերը, թե իշխանությունը դասեր կքաղի, հօդս ցնդեցին, ինչպես Ադրբեջանի կիրառած ռուսական «Սոլնցեպյոկի» մարտագլխիկներից արձակված փոշին: Պատերազմական մի քանի օրերին իշխանության ներկայացուցիչները, թվում էր` գիտակցել են իրենց գործունեության ու անգործության հանցավոր բնույթը, և գիտակցելով` համեմատաբար համարժեք վարքագիծ են դրսևորում: Բայց հիմա սահմանին հարաբերական անդորր է, ու իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման: Ընդդեմ հասարակության, բնականաբար: Որովհետև պատերազմի օրերին հարցեր բարձրացնողը հասարակությունն էր: Հասարակությունն էր նաև իր բարձրացրած հարցերին պատասխաններ գտնողը: Որովհետև այդ օրերին իշխանությունները զուսպ էին ու չէին համարձակվում պատասխանել հասարակությանը: Իսկ հասարակության գտած պատասխանները հանգում էին իշխանության առանձին ներկայացուցիչների, գերհարուստ ներկայացուցիչների ունեցվածքի անօրինական ծագումնաբանությանը, դրանք պետությանը վերադարձնելու մեթոդներին: Հասարակությունը մտածում էր ու մտածում է իրենից գողացվածը վերադարձնելու մասին: Ու բնական է, որ իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման: «Պաշտոնյաների խորհրդականներին և օգնականներին կրճատելու մասին պահանջները պոպուլիստական են»,- ասում է իշխանության` ինտելեկտուալ ներկայացուցչի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ով սահմանադրություն գրելուց բացի՝ զբաղեցնում է նաև Կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնը: «Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո՛չ դու, ո՛չ քո ամբողջ շրջապատը, ո՛չ էլ քեզ ֆինանսավորողն էդ էլ չի կարա աշխատի: Դրսից ես փող եմ բերել երկիր՝ ի տարբերություն ոմանց, որ այստեղ գողանում են ուրիշի ջեբից ու ձեզ են տալիս, իսկ ես դրսից եմ բերել»,- ասում է իշխանության` միանգամայն այլ համբավ ունեցող ներկայացուցիչ Վարդան Այվազյանը: «Մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ»,- ասում է իշխանության` ոչ այնքան որոշակի համբավ ունեցող մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով պաշտոնյաների ունեցած դղյակների, հարստության մասին հարցին: Օրինակները կարելի է շարունակել, իշխանության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններով վերջին օրերին հեղեղված է մամուլն ու համացանցը: Այդ և նման բոլոր հայտարարությունների իմաստը հանգում է հետևյալին` լավ ենք արել՝ թալանել ենք, ու շարունակելու ենք թալանել: Ապրիլյան պատերազմի արդյունքում խախտվել է ստատուս-քվոն ոչ միայն՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին, այլ նաև՝ Հայաստանի ներքին կյանքում: Ու մինչ ոմանք շարունակում են հուսալ, որ իշխանությունը կզբաղվի այդ խախտված ստատուս-քվոյի վերականգնմամբ սահմանագծին, իշխանության ներկայացուցիչները զբաղվում են ներքին ստատուս-քվոն վերականգնելով: Առջևում ընտրություններ են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր