25687 դիտում
17:37 14-05-2016
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի բացմանը: 12000քմ ընդհանուր մակերեսով համալիրը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Հյուսիսային պողոտայի վերակառուցման և համալիր բարեկարգման 14 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրի շրջանակներում՝ դառնալով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկը: Այն տեղակայված է Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված գլխավոր փողոցի ստորգետնյա հատվածում:
Առևտրի կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանին:
Այնուհետ քաղաքապետը Վահե Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնի տարածքով, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել են կենտրոնում ստեղծված պայմանները: Նշվել է, որ առևտրի կենտրոնն ունի 6 մուտք Հյուսիսային պողոտայից, որոնք համալրված են շարժասանդուղքներով և վերելակով: Նաև նշվել է, որ ընդհանուր 5 000 քառակուսի մետր վարձակալության ենթակա տարածք զբաղեցնող առևտրի կենտրոնում ներկայացված են հագուստի, օծանելիքի և կոսմետիկայի, ոսկերչական զարդերի և աքսեսուարների, էլեկտրոնիկայի խանութներ և սրճարաններ, այդ թվում նաև հայաստանյան շուկայի համար միջազգային նոր օպերատորներ, ինչպիսիք են New Balance, Togas, Kare Design, Skechers և այլն: Առևտրի սրահներից մեկ մակարդակ ներքև տեղակայված է 200 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, որը հասանելի կլինի ինչպես գալերեայի այցելուների, այնպես էլ քաղաքացիների համար:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ առևտրի կենտրոնի բացումով լուծվել է երկու կարևոր խնդիր՝ աշխատատեղերի ստեղծման և ստորգետնյա ավտոկայանատեղիների ապահովման մասով:
«Իսկապես ողջունելի է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնցից հերթականն էլ կյանքի կոչվեց Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում: Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը «Տաշիր» ընկերության հետ համագործակցության հուշագիր էր կնքել, որի շրջանակում էր նաև առևտրի այս կենտրոնի բացումը: Սա նախ և առաջ կարևոր է այն տեսանկյունից, որ ավելի քան 300 նոր աշխատատեղ է ստեղծվում, այդպիսով լուծելով ևս 300 քաղաքացիների զբաղվածության առաջնահերթ խնդիրը: Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այստեղ ստեղծվել է նաև 200 ավտոմեքենաների կայանման համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը զգալիորեն կնպաստի կենտրոնի հատկապես այս հատվածի փողոցների բեռնաթափմանը: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել ընկերության բոլոր պատասխանատուներին, Սամվել Կարապետյանին և շնորհակալություն հայտնել՝ Երևան քաղաքում նման ներդրում իրականացնելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Հարկ է նշել, որ առևտրի նոր կենտրոնի կառուցումը դարձել է 2015 թվականի աշնանն ավարտված Հյուսիսային պողոտայի համալիր բարեկարգման ծրագրի փուլերից մեկը: Նախագծի առաջին փուլի ընթացքում «Տաշիր» ընկերությունն իրականացրել է պողոտայի վերակառուցումը՝ այդ թվում հետիոտների համար նախատեսված տարածքների սալիկների փոխարինման, կանաչապատման, լուսավորության, ճարտարապետատեխնիկական և ջերմամեկուսացման աշխատանքները, ինչը թույլ է տվել մայրաքաղաքի կենտրոնում ստեղծել հետիոտների համար հարմարավետ միջավայր, որն իր ուրույն դերակատարումն ունեցավ ժամանակակից Երևանի նոր կերպարի ստեղծման գործում:
Պողոտայի վերակառուցման և առևտրի գալերեայի կառուցման բոլոր աշխատանքները կատարվել են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական շինարարական և ֆինանսական ռեսուրսների հաշվին՝ Հյուսիսային պողոտայի վերակառուցման և համալիր բարեկարգման ծրագրի շրջանակներում: Ներկայումս «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից շարունակվում են մայրաքաղաքի բարեկարգման մի շարք այլ նախագծեր ևս, այդ թվում նաև Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու համալիր վերակառուցումը, որը կունենա ինքնատիպ շատրվաններ: Բացի այդ, ակտիվ ընթանում են նաև Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3190 դիտում
11:08 15-05-2015
Երևանում նոր առևտրի կենտրոն կբացվի. նոր մոլլ` «Տաշիր Սթրիթ». ՀԺ
4036 դիտում
17:39 09-02-2018
«Երևանի սիրտը նոր ռիթմով» խորագրով ժամանցային միջոցառում կանցկացվի Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ»-ում
Այս բաժնից
595 դիտում
16:32 30-12-2024
Պուտինը շնորհավորել է ՀՀ գործող եւ նախկին ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
1027 դիտում
16:22 30-12-2024
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
517 դիտում
15:48 30-12-2024
2025 թ. հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը