211652_close_icon
views-count2546 դիտում article-date 17:18 15-05-2016

1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ պատմական որոշումը

Հայ ժողովրդի հոգու աղոթքը հիրավի մայիսյան է, քանզի մայիսը հայ ազգի համար հաղթանակների և ցնծությունների ամիս է: Հայն իր ճակատագրական հաղթանակների դափնեպսակը հյուսել է հենց մայիսին՝ նվիրելով մեզ ազգային գոյի և ինքնահաստատման կամք ու պատվանդան: Մեր պատմության մայիսյան ամենաոգեղեն հաղթանակներից մեկն էլ Երևանի պետական համալսարանի` մեր հարատևության յուրօրինակ խորհրդանիշի հիմնադրումն է: Ստեղծվելով ծանր ու դժվարին ժամանակներում՝ այն դարձավ մեր ժողովրդի ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրումով նաև հայ ժողովուրդը պատասխանեց ճակատագրին ՝ ջարդին, եղեռնին ու ավերումին հակադրելով իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին: Համալսարանն առաջին իսկ օրերից իր սաների համար դարձավ անանց սիրո խորհրդանիշ, ստեղծագործական ներշնչանքի կենարար աղբյուր, թևեր տվեց նրանց՝ ուղի հարթելով դեպի իմացության խորքերն ու գիտության լույսը: Ի՛մ համալսարան, քո ջերմությամբ լի սրահներում ու մտքի խորաններում կրթել ու դաստիարակել ես հազարավոր սերունդների, ովքեր այսօր աշխարհի տարբեր ծայրերից սփռում են այն լույսը, որ քեզնից են ստացել: Ի՛մ համալսարան, քո մայրաշունչ գիրկն այսօր էլ բաց է երիտասարդների համար, որ նրանց համար դառնաս ոչ միայն գիտելիքների մայր օջախ, այլև լինես նրանց զարթնող մտքի դայակն ու խորհրդատուն, նրանց պատանեկան երազների վկան և ուղենիշը: Մե՛ր Մայր համալսարան, համոզված ենք, որ շարունակվելու է քո հավերժի երթը, որ քո գարունները ծաղկառատ են լինելու, և ինչպես քո օրհներգում է ասված, «Դու հար ցնծալու ես քո վարար լույսով, շողակնյա, Հայոց համալսարա՜ն»:

Նմանատիպ նյութեր