211652_close_icon
views-count1500 դիտում article-date 21:33 17-05-2016

Աղվերանում մեկնարկել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպված աշխատաժողովը

Աղվերանում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպված հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը: Աշխատանքային քննարկմանը մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրեններ՝ մարզերից և մայրաքաղաքից, Կրթության տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի, նախարարության ներկայացուցիչներ և բոլոր մարզերի հանրակրթության վարչության պետերը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել վարկանիշավորման համակարգի սկզբունքները, մեթոդաբանությունը, ցուցանիշների ու հաշվարկի մեխանիզմները և ստացված նոր առաջարկությունների հիման վրա լրամշակել տարբերակները: Դպրոցների վարկանիշավորման համակարգը Հայաստանում գործարկվել է երեք տարի առաջ՝ միջազգային վարկանիշավորման փորձի հիման վրա մշակած ազգային մեթոդաբանությամբ: Ներկայացնելով վարկանիշավորման գործող համակարգը՝ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում վարկանիշավորման մեթոդաբանությունն անընդհատ կատարելագործվել է՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնել կրթական կարիքներին. "Չնայած մեթոդաբանությունը հրապարակված է և բոլորին հասանելի, այնուամենայնիվ, շատ դեպքերում, երբ հրապարակվում են արդյունքները՝ դպրոցների մոտ առաջանում են ինչ-ինչ հարցեր: Այս կարգի մասնագիտական քննարկումներով մենք նպատակ ունենք գնահատման սկզբունքներն ու ցուցանիշները դպրոցների համար դարձնել ընկալելի, ինչու չէ, նաև դրանք վերանայել՝ հաշվի առնելով հենց դպրոցների տնօրենների ու շահագրգիռ մյուս կառույցների առաջարկություններն ու մտահոգությունները: Մենք կարծում ենք,որ մեթոդաբանությունն ու ցուցանիշները առավել արդյունավետ կարող են կատարելագործվել՝ հաշվի առնելով առաջին հերթին շահառուների կարծիքներն ու առաջարկությունները: Մեր հիմնական խնդիրն է, որպեսզի բոլոր դպրոցների համար պարզ, ընկալելի և ընդունելի լինի, թե ինչն է գնահատվում, ինչպիսի ցուցանիշների հիման վրա և ինչ մեթոդով",- իր խոսքում նշել է Արտակ Պողոսյանը և հավելել, որ ակնկալում է, կոնկրետ առաջարկություններ, որոնք կօգնեն կատարելագործել համակարգը: Ա. Պողոսյանը նաև նշել է, որ վարկանիշավորման համար հիմք են հանդիսանում այն ցուցանիշները, որոնք ներկայացնում են դպրոցները` համապատասխան հարցաթերթի լրացման միջոցով: Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրել են տարբեր հարցեր և առաջ քաշել տարբեր մոտեցումներ: Աշխատաժողովը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր