211652_close_icon
views-count3603 դիտում article-date 21:23 21-05-2016

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ

Մայիսի 18-ին Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայի Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված դասական երաժշտության համերգ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի մեներգիչների կատարմամբ: Տոնական ձեռնարկը կազմակերպվել էր Հայաստանի և Սլովակիայի մշակույթի նախարարությունների, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանության, Սլովակիայի ֆիլհարմոնիայի, սլովակահայ Բագրատ Հակոբյանի համատեղ ջանքերով: Տոնական համերգին ներկա էին Սլովակիայի գիտության, կրթության և սպորտի նախարարն, մշակույթի փոխնախարարները, Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավորներ, կառավարության և նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սլովակիայի երաժշտական շրջանակների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Համերգի բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով ներկաներին, նա հակիրճ ներկայացրեց իր անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին և անդրադարձավ վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիային և իրականացված բարբարոսություններին: Իր խոսքում դեսպան Սեյրանյանը բարձր գնահատեց Հայաստանի և Սլովակիայի միջև ընդլայնվող երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ ՀՀ դեսպանը ողջունեց և հատուկ շնորհակալություն հայտնեց Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնագորսկուն, Ազգային Խորհրդի նախկին նախագահներ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և Պավել Հրուշովսկուն, որոնց ջանքերի շնորհիվ 2004թ. Սլովակիայի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը: Համերգի ընթացքում մեներգիչներ Գեորգի Առաքելովի, Գրետա Բագիյանի և վոկալի միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Հակոբյանի, նվագակցող` Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Ջավադյանի կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեցին արիաներ Ջ.Վերդիի, Ռ.Վագների, Պ.Չայկովսկու, Ա.Հարությունյանի, Տ.Չուխաջյանի, Ռ.Լեոնկավալլոյի օպերաներից, ինչպես նաև Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ս.Ռախմանինովի ստեղծագործություններից:

Նմանատիպ նյութեր