5529 դիտում
19:44 27-09-2016
Դոնի Ռոստովում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին. հանդիսատեսին ներկայացվեցին հայրենասիրական երգ ու պարի կատարումներ
Սեպտեմբերի 21-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին, որի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվեցին ազգային, ազգագրական ու հայրենասիրական երգ ու պարի կատարումներ:
Համերգին ներկա էին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, Ռոստովի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, Ռոստովի նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ինչպես նաև Ռոստովի մարզի ազգային փոքրամասնությունների համայնքային ղեկավարներ։
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, ով ներկայացրեց հայոց պետականության կերտման պատմությունը, անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու հաջողությունները տարբեր ոլորտներում՝ կարևորելով հայկական սփյուռքի միասնությունը և նրա դերը մեր նորօրյա պատմության մեջ։
ՀՀ անկախության 25 ամյակի առիթով սեպտեմբերի 22-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից մարզային Ընդունելությունների Տանը կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Ռոստովի փոխնահանգապետը, մարզի օրենսդիր ժողովի նախագահը, հայ համայնքի անդամներ, Ռոստովի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, տարբեր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ և այլոք։
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի նորագույն պատմության էջերին, նորանկախ Հայաստանի ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին, հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին ու համագործակցությանը, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարներին։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի շնորհավորական ուղերձում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերություններին, տարբեր ոլորտներում դրանց զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ուղերձում առանձնահատուկ կարևորութամբ հիշատակված էր ՌԴ Ռոստովի մարզի հայ համայնքի դերը մարզի զարգացման և բարգավաճման գործում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»