Մոսկվայում ռեստորանի հայազգի սեփականատերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար գերմանացի դիվանագետներին հյուրասիրել է գինով ու ծիրանի չրով
Մոսկվայի ռեստորաններից մեկի հայազգի սեփականատերը հյուրասիրություն է կազմակերպել Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Սերգեյ Աբգարյանը նման քայլի է գնացել` ողջունելով այսօր Բունդեսթագի պատգամավորների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:
Նա իր հետ Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներին հյուրասիրելու համար ծիրանի չիր և մի շիշ հայկական գինի է բերել:
Ծիրանի չիրը մայրս է պատրաստել,- ասել է Սերգեյը դեսպանատան աշխատակիցներին:
Այսօր Հայաստանի համար հիշարժան օր է: Ցանկանում եմ հրավիրել այստեղ բոլոր հայերին, որպեսզի միասին նշենք այս օրը և մեր երախտագիտությունը հայտնենք գերմանացի դիվանագետներին,- հավելել է ռեստորանի սեփականատերը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/02/86878/]Հիշեցնենք[/url], որ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները այսօր` հունիսի 2-ին, ընդունեցին բանաձևը, որով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչվում են Ցեղասպանություն:
Բանաձևին կողմ էր քվեարկել պատգամավորների մեծ մասը, դեմ՝ ընդամենը 1-ը, ևս 1 հոգի՝ ձեռնպահ: