211652_close_icon
views-count5123 դիտում article-date 13:48 03-06-2016

Ցեղասպանության բանաձևի ընդունմամբ՝ հայ-գերմանական հարաբերություններում հերթական դրական էջը բացվեց, բայց Թևան Պողոսյանը զգուշացնում է հնարավոր խութերից

Երեկ` հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի գրեթե միաձայն ընդունմամբ նոր դրական էջ բացվեց հայ-գերմանական հարաբերություններում, սակայն պետք է զգուշանալ, որ դա չունենա հետևանքներ, որպեսզի Գերմանիան պահանջներ չներկայացնի հայկական կողմին: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի համար այս որոշումը: «Թե մեզ ինչ կտա այս որոշումը, մեզանից է կախված։ Հարց է, թե ինչպես մենք դա կօգտագործենք, կարողանա՞նք օգտագործել այն մնացած երկրներում, որոնք ասում էին՝ չեն ցանկանում իրենց հարաբերությունը Թուրքիայի հետ փչացնել»,-ասաց նա ու հավելեց, որ առաջին անգամ է ընդունվում այդքան քաղաքականություն առաջացնող փաստաթուղթ: «Գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիան գա այն ճնշման աստիճանի, որ գիտակցի՝ ժխտելն ավելի թանկ է իր համար»,-ասաց Թևան Պողոսյանը ու ավելացրեց. «Ուրախալի լուր է, որ արդարության ձայնը նաև Գերմանիայում բարձրացավ, ու 101 տարի անց այս երկիրը նույնպես ճանաչեց Ցեղասպանությունը՝ գիտակցելով, որ ճանաչումը ապագա սերունդների համար կարող է լինել զսպման մեխանիզմ, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն»: Ըստ Թևան Պողոսյանի` Ցեղասպանության ճանաչումը դարձել է արտաքին աշխարհում արտաքին հարաբերությունների կառուցման գործում շարժիչ ուժ, գործիք, որից առաջարկում է օգտվել: Ըստ նրա` ցանկացած դիվանագիտական գործիք կարելի է օգտագործել ինչպես հանուն շահերի, այնպես էլ՝ դրանց դեմ: Հիշեցնենք, որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: Ըստ պատգամավորի` այսօրվա դրությամբ Եվրոպայի կարևորագույն երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և խնդիր պետք է դնենք, որ մնացածն էլ հերթով ճանաչեն։

Նմանատիպ նյութեր