Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը ականավոր գիտնական Հենրիկ Հովհաննիսյանի հոբելյանական տարեդարձի առթիվ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
«Հարգարժան պարոն Հովհաննիսյան,
Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր հոբելյանի առթիվ:
Մեծ է Ձեր վաստակը հայագիտության և արվեստի զարգացման գործում: Որպես ականավոր գիտնական` Դուք տասնամյակներ շարունակ անխոնջ նվիրվել եք թատրոնի պատմության և տեսության ուսումնասիրության գործին` ստեղծելով հարուստ թատերագիտական ժառանգություն:
Անգնահատելի է նաև Ձեր մանկավարժական երկարամյա գործունեությունը:
Ազգային զարթոնքի, Հայաստանի անկախության կերտման ժամանակաշրջանում Դուք այն վառ մտավորականներից էիք, որ առաջ էր տանում ազգային երազանքի տեսլականը: Եվ մինչ օրս Դուք այդ երազանքի կրողն եք` իբրև բոլոր ժամանակների իսկական մտավորականության դասական կերպար:
ՀՀ Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր Դուք Հանրային խորհրդի կարկառուն դեմքերից եք, և մենք բարձր ենք գնահատում Ձեր դերակատարումը նաև Հանրային խորհրդի գործունեության մեջ:
Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք: