211652_close_icon
views-count33267 դիտում article-date 23:52 12-06-2016

Գարեգին Նժդեհի փակ նամակը

[align=right]ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի նախագահ քաղաքացի Կ. Ե. Վորոշիլովին բանտարկյալ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանից[/align] [align=center][b]Հայտարարություն Փակ նամակ[/b] (հատվածաբար)[/align] Քաղաքացի նախագահ, իմ հանդեպ թույլ է տրված բացահայտ ապօրինություն, որ երբևէ տեսնված չէ ազգերի պատմության մեջ: Մինչ այդ մասին խոսելը, անհրաժեշտ եմ գտնում մի քանի խոսք ասել, թե ինչպես ես ինքնակամ հայտնվեցի սովետական բանտում: 1944թ., երբ Կարմիր Բանակն արդեն Ռումինիայում էր, ես, առաջնորդվելով պարտականության զգացումով, չմեկնեցի Սոֆիայից, չնայած այն բանի, որ հազարավորները լքում էին Բուլղարիան: Ես մնացի, չնայած այն բանի, որ իբրև լրագրող ունեցել եմ գերազանց կարելիություն անցնելու Շվեյցարիա: Ես վճռեցի կրկնելու 1914թ. կատարած իմ հայրենասիրական քայլը, երբ լինելով Ռուսաստանից փախած քաղաքական էմիգրանտ՝ ներկայացա Սոֆիայում ռուս դեսպանին և խնդրեցի թույլ տալ անարգել վերադառնալ Ռուսաստան Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցելու համար: 1944թ. ղեկավարվելով նույն զգացումով՝ ես մնացի, որպեսզի առաջարկեմ սովետական զորքին իմ ուժերն ու հնարավորությունները Թուրքիայի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ բուլղար հասարակությունն ակնկալում էր, որ ռուսներն՝ օգտվելով իրենց հաղթանակից, կվերցնեն Կոնստանդնուպոլիսն ու Դարդանելը: 1944թ. սեպտեմբերի 9-ին սովետական զորքերը մտան Սոֆիա: Ես նամակ գրեցի գեներալ Տոլբուխինին: Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 9-ին, ինձ կանչեցին սովետական դեսպանատուն և հայտնեցին, որ ես պետք է մեկնեմ Մոսկվա, որպեսզի անձամբ ներկայացնեմ իմ առաջարկը կառավարությանը: Երրորդ օրը ինձ բերեցին Բուխարեստ, իսկ այնտեղից ինքնաթիռով Մոսկվա և … բանտարկեցին Լուբյանկայի բանտում: Այսպես սկսվեց իմ ողբերգությունը: Չորրորդ օրն ինձ տարան գեներալ Աբակումովի մոտ: Մեկ ժամ տևած խոսակցությունից հետո ես նրան ասացի. [b]- Ղեկավարվելով բարձրագույն հայրենասիրությամբ՝ ես չհեռացա Սոֆիայից և այդ քայլով վստահեցի սովետական կառավարությանը իմ՝Թուրքիայի դեմ մարտերում ալևոր դարձած հայրենասերիս ճակատագիրը:[/b] - Այս հարցով մենք դեռ կզրուցենք,- պատասխանեց գեներալը: [img]/ups/images/0983287001465756254484435.jpg[/img] Վերադառնալով իմ բանտախուցը՝ հայտնաբերեցի, որ իմ իրերը տեղափոխված են մեկ այլ մահճակալի վրա, որը տեղակայված էր անմիջապես դռան կողքը, իսկ ներքնակը փոխարինված էր դատարկ պարկով: Դա վկայում էր իմ հանդեպ հասունացող ինկվիզիցիայի մասին: Սկսվեցին ամենասարսափելի կտտանքները, որ կարող է հնարել միայն սադիստական միտքը: Որպեսզի կարողանան տեսնել փակ են աչքերս, թե ոչ, ինձ արգելեցին ակնոց և գլխարկ կրել: Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ հնչում էր հերթապահի սպառնագին գոչյունը՝ «Քնա՞ծ եք»: Ցերեկը ինձ չէր թույլատրվում ո՛չ պառկել, ո՛չ ննջել: Որպեսզի ինձ զրկեն քնից, հարցաքննության էին կանչում գիշերները և դիտավորյալ պահում մինչ լուսաբաց: Ինձ հարցեր տալու և պատասխաններս գրառելու ընթացքում մայոր Պուտինցևն ինքն էր հորինում արձանագրությունները և ինքն էլ կարդում էր դրանք (իմ ակնոցները չէին տալիս ինձ): Նա ակնհայտորեն խեղում էր փաստերը և խաբեությամբ փոխում իմ վկայությունների իմաստը: Մինչ արձանագրությունն իմ կողմից ստորագրելը իմ երկրորդ քննիչը՝ մայոր Շիշկովը, միտումնավոր սկանդալներ էր սադրում և, դրանից օգտվելով, դիմում խարդախության: Նա տալիս էր ինձ կարդալ մի թերթիկ, սակայն ստորագրելու մեկ ուրիշը՝ կեղծը: Ես արդեն վաղուց է, ինչ նկատել էի, որ նա փոխում է թերթիկները: Մի անգամ իմ հարցին, թե ինչու է նա արձանագրությունները կազմում երկու օրինակով, պատասխանեց. «Դա իմ գործն է»: Համակված զայրույթով՝ ես անվանեցի նրան խաբեբա: Նա բորբոքվեց, սկսեց հայհոյել, սպառնալ և մոլեգնած ասաց. - Ձեր պահվածքը բոլորովին այլ կլիներ, եթե Դուք իմանայիք, որ մենք ոչնչացնում ենք մեր հակառակորդների ընտանիքները... Գիտցե՛ք դա: Սա ասելով` նա հեռախոսով կանչեց ավագ-լեյտենանտին, ինչ-որ բան ասաց ու դուրս եկավ սենյակից: [img]/ups/images/0705427001465756271224045.jpg[/img] Ես բարձր ջերմություն ունեցա և ահավոր հոդացավեր: Բժիշկ խնդրեցի, չկանչեցին: Նյարդային ծայրաստիճան լարվածությունից կորցրեցի գիտակցությունս: Այս անգամ տանջանքներս տևեցին 19 ժամ: Իմ քննիչները՝ Պուտինցևը և Շիշկովը, դիմեցին այնպիսի հոգեբանական մեթոդների, որոնք որոշ տեսակ թույների պես գործում են կրկնակի ընդունումից հետո: Մի հերթական միտումնավոր հրահրված սկանդալից հետո, Շիշկովն ասաց ինձ. «Ես հասա իմ նպատակին. որոշված է կտրել Ձեր լեզուն: Թե երբ, չեմ ասի, բայց շուտով Դուք կմնաք առանց լեզու և կսկսեք ողջ-ողջ քայքայվել բանտում»: Մենք փոխանակվեցինք միմյանց հասցեին կոպիտ բառերով: Նա շարունակեց իր սպառնալիքները. «Խոստանում եմ Ձեզ հասցնել խելագարության, որից այդքան սարսափում եք»: Նրանից օղու հոտ էր փչում: Ասացի, որ չեմ ցանկանում զրուցել հարբած քննիչի հետ: Իմ գործը իմ քննիչները խեղաթյուրում էին: Սիստեմատիկ կտտանքների, կոպիտ կեղծարարության, փոխադարձ վիրավորանքների և թշնամական տրամադրվածության պայմաններում հնարավո՞ր է արդյոք տարրական օբյեկտիվություն: Ո՛չ, նման մթնոլորտում քննիչը չի կարող օբյեկտիվ լինել: Նրանք ինձ պահեցին այնպիսի դժոխային պայմաններում, որ մեկ տարվա ընթացքում գերազանցապես առողջ մարդուս վերածեցին կենդանի փլատակի: Տեսողությունս այն աստիճան վատացավ, որ ամեն ինչ սկսեցի տեսնել մշուշի մեջ: Մի ականջս խլացավ: Հոգեվիճակս ավելի ծանր էր: Ես խելագարվում էի՝ մտովի պատկերելով իմ միակ յոթնամյա որդու դիակը: Սարսափելով կիսամեռությունից՝ կաթվածից կամ ցնորությունից, ես ձգտում էի մահվան, բայց և մերժված էի այդ «գթասրտությունից»: Այսօրինակ տառապանքներից հետո, որ հավասարազոր է ճապոնական «100 մահվան» կտտանքներին, առաջին տարվա վերջում այս վիճակով ինձ փոխադրեցին Երևանի բանտ: Ապշած էի քննչական կամայականություններից, որոնք տիրում էին Երևանում: Այն, ինչ իմ հանդեպ թույլ տվեցին Երևանում, արդարադատության այնպիսի խախտում էր, որ դուրս է օրենքի բոլոր սահմաններից: Առաջին իսկ օրը բանտապետի սենյակում ՀԽՍՀ ՊԱՆ ներկայացուցիչը փոխանցեց ինձ նախարարի այն հրամանը, որ ես իրենց բանտում կոչվելու եմ ոչ թե Նժդեհ, այլ Տեր-Հարությունյան: Իմ հարցին, թե ինչ է սա նշանակում, նա պատասխանեց. - Այն, որ Ձեզ չի թույլատրվում կրել Նժդեհ անունը: Այդժամ ես ասացի. [b]- Փոխանցեք նախարարին, որ ես գերեզմանում իսկ կմնամ Նժդեհ:[/b] Երրորդ օրն ինձ տարան փոխնախարարի մոտ: Ես կրկնեցի իմ բողոքը կապված իր անօրինական հրամանի հետ: - Նախարարը գիտի, թե ինչու է այդպես վարվում- ասաց նա: [b]- Ինչպես տեսնում եմ, Ձեզ ընդհանրապես չի անհանգստացնում կենդանի թաղված հայ հայրենասերի ուրվականը, քաղաքացի նախարար:[/b] - Ձեզ տրվում է երեք օր, մտածե՛ք: Մեր բանտում Դուք վտանգի տակ եք դնում Ձեր կյանքը: [b]- Դուք չափազանց մեծահոգի եք: Ես ժամկետների կարիք չունեմ: Ուր նախարարը սպառնում է կացնով, խոսք կարող է լինել միայն դահճի և նրա զոհի մասին: Այս իսկ պահից ես, մեկը նրանցից, որոնք 1918թ. ղեկավարում էին գրեթե անզեն ժողովրդին, որոնք ստեղծեցին Հայկական Պետություն, հայտարարում եմ ինձ նահատակ:[/b] Այս երկխոսությունից հետո ես վերադարձա իմ մենախուցը, հրաժարվեցի սննդից, բուժօգնությունից և համակերպվեցի նահատակի իմ կարգավիճակին: Հինգերորդ օրն ինձ կրկին տարան փոխնախարարի մոտ: - Մենք,- ասաց նա,- չենք պատրաստվում դատել Ձեզ. Ձեզ կհարցաքննեն լոկ պատմական էքսկուրսի նպատակով: Ձեզ կհարցաքննի մայոր Մելքումյանը: [b]- Հեղափոխականը, որը քննության կամ դատի ժամանակ թաքցնում է իր գործունեության հետ կապված գոնե մեկ փաստ, պատվազրկում է իր անունն ու անցյալը[/b],- ասացի ես: Այնուհետև սկսվեց հարցաքննությունը: Գրեթե բոլոր հարցաքննություններին ներկա էին փոխնախարարն ու Մելքումովը, ովքեր կազմում էին հարցերի մեծ մասը: Նրանք այնչափ էին խեղաթյուրում մեր օրերի երևույթները, որ ես տեղին համարեցի այստեղ ևս իրերը կոչել իրենց անուններով. [b]- Դուք կեղծում եք պատմությունը, իսկ դա նշանակում է, որ ցանկանում եք ամեն գնով ինձ վրա շինծու գործ հարուցել[/b],- ասացի ես: Ինձ ցույց տվեցին մի կեղծված փաստաթղթի ֆոտոպատճենը, ես խնդրեցի ցույց տալ բնօրինակը, մերժվեցի: Ես առերեսում խնդրեցի, բայց ինձ մերժեցին նաև այդ հարցում: Ես պահանջեցի հետաքննություն անցկացնել իմ վկա Խոյլունցի սուտ մատնությունը բացահայտելու համար, բայց Մելքումյանը ժպտալով պատասխանեց՝ «Իրեղեն ապացույցները վաղուց է, ինչ հող ու մոխիր են դարձել»: Հավատարիմ իմ սկզբունքերին՝ ես չէի պաշտպանվում քննության ընթացքում, քանզի ողջ կյանքում չեմ լծվել մի գործի, որը կարիք ունենար բարոյական պաշտպանության: Ես ընդդիմացել եմ միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերվել է այլ անմեղների: Իմ հանդեպ կիրառվում էին միջնադարյան մեթոդներ: Ինձ սպառնում էին վերացնել ընտանիքս: Ամբողջ չորս տարի պահել են սարսափի մեջ, թե կկտրեն լեզուս: Ինձ ապօրինաբար զրկեցին հարազատ եղբորս ու դստերս հետ նամակագրությունից, ովքեր բնակվում են Սովետական Միությունում, ինձ արգելվել է կրել իմ անունը: ՀԽՍՀ ՊԱՆ-ում «անհետացան» իմ 7 տետրերը («Փիլիսոփայական մտածումների գիրքը»): Վերջապես իրենց պղտոր գործողությունները սքողելու համար, ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում, ինձ հայտարարեցին մեռած: 1946թ. Երևան են տեղափոխվում հայ գործիչների մի խումբ՝ Ղազարյան, Սիրունի, Ղազարոսյան, Դևեջյան և այլք՝ Թուրքիայի դեմ օգտագործվելու նպատակով: Նույն նպատակով էլ ցանկանում էին օգտագործել նաև իմ հնարավորությունները: ՀՊԱՆ խնդրանքով իմ կողմից կազմվեց հակաթուրքական գործունեության մի քանի նախագիծ: Հետո նույն նախարարության խնդրանքով ես գրեցի մի մեծ մենագրություն՝ «Թուրքը որպես մարտիկ, հրամանատար և քաղաքական գործիչ»: Բնական է, որ նման իրավիճակում ես թույլ չէի տա, որ ինձ հարցաքննեն ինձ վրա քրեական մեղադրանք բարդելու նպատակով: Բայց ինձ դատապարտեցին` պատճառաբանելով (իրենց իսկ խոսքերով ասած), թե միջազագային դրությունը անսպասելիորեն փոխվել է: Այսպես ես դարձա, հիմնապես, քաղաքականության զոհ, իսկ մասնավորապես` Բերիայի օրգանների շանտաժի, խաբեության ու զրպարտության զոհ: [img]/ups/images/0754693001465756310152465.jpg[/img] Ինձ դատապարտեցին Զանգեզուրի պաշտպանության համար՝ չունենալով ոչ բարոյական, ոչ օրինական իրավունք, քանի որ դեռևս 1921թ. Սովետական Հայաստանի Կառավարության հռչակագրով ինձ համաներում էին շնորհել: 1921թ. գարնանը Սիսիանում հանդիպել էին Սովետական Հայաստանի և Ինքնավար Զանգեզուրի ներկայացուցիչները և համաձայնության եկել, որից հետո Հայաստանի 5 Ժող. կոմիսարի ստորագրությամբ «Խորհրդային Հայաստան» պաշտոնական մարմնում հրապարակվեց Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի անբաժան մասը ճանաչող հռչակագիր: Այդ նույն Հռչակագրով ներում էր շնորհվել Զանգեզուրի պաշտպանության բոլոր մասնակիցներին: Այսպես Զանգեզուրի գործը հանձնվեց պատմության արխիվին: Չարանենգությամբ արմատապես խեղաթյուրվել է Զանգեզուրի պաշտպանության ամբողջ պատմությունը, կեղծված է իրադարձությունների ժամանակագրությունը: [img]/ups/images/0423398001465756326630292.jpg[/img] Այս իրողություններից քառորդ դար անց Բերիայի օրգանները Զանգեզուրյան ողբերգական պատմության պղծումով և ոմն Խոնունցի կեղծ վկայության շնորհիվ, մարտում սպանվածների դիակները ներկայացրին իբրև մարտից դուրս սրի քաշված գյուղացիություն: [img]/ups/images/0257914001465756339604124.jpg[/img] Գարգին Նժդեհի այս փակ նամակը տեղ է գտել «Գարեգին Նժդեհ - Բանտային կյանք, նամակներ, գրառումներ» գրքում (Վրույր Արծրունի և Անահիտ Հարությունյան, Երևան, 2016թ.):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր