1656 դիտում
20:15 16-06-2016
Խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը: Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` Գյումրի քաղաքում ունենալու անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց:
Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:
Մարտուն Գրիգորյանը կարեւորել է համաձայնագրի վավերացումը, որը, ըստ նրա, Գյումրի քաղաքի համար շատ կարեւոր է: Նրա տեղեկացմամբ՝ այժմ Գյումրիում իրականացվում է պիլոտային ծրագիր՝ երկրորդական ճանապարհների վերակառուցման համար:
Արամ Մանուկյանը դեմ է արտահայտվել վարկային համաձայնագրի վավերացմանը: Պատագամավորն առավել կարեւորել է համարել քաղաքում արտադրության զարգացումը, որն էլ կարող է նվազեցնել արտագաղթը:
Միքայել Մելքումյանը, կարեւորելով վարկային համաձայնագրի նպատակը, անդրադարձել է Գյումրիում աշխատատեղերի կրճատմանն ու բնակչության թվի եւ արտադրության ծավալների նվազմանը:
Նաիրա Կարապետյանը, դրական գնահատելով համաձայնագրի վավերացումը, կարեւորել է Գյումրիում անցանելի ճանապարհների պարագայում ներդրումների ավելացումը, տնտեսության եւ զբոսաշրջության զարգացումը:
Մհեր Շահգելդյանն անդրադարձել է մեր երկրում իրականացվող վարկային քաղաքականությանն ու արդյունավետությանը: Պատգամավորը դեմ չէ այն վարկային համաձայնագրերին, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանը:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Գյումրիի փողոցների եւ քաղաքի ժողովրդագրական իրավիճակին: ԲՀԿ խմբակցության ղեկավարի տեղեկացմամբ՝ խմբակցությունը կողմ է վարկային համաձայնագրի վավերացմանը:
Արտակ Զաքարյանը խոսել է ոչ միայն Գյումրիի, այլեւ հանրապետության այլ քաղաքների խնդիրներից՝ կարեւորելով քաղաքներին մշակութային, քաղաքական, տնտեսական զարացման լուրջ ազդակների տրամադրումը:
Վահե Էնֆիաջյանը եւս խոսել է համաձայնագրի արդյունավետությունից եւ կարեւորել ակնկալվող արդյունքը՝ զարգացնելու Հայաստանի երկրորդ քաղաքը:
Սուքիաս Ավետիսյանն անդրադարձել է Գյումրի քաղաքի բարեկարգմանը, որը, նրա կարծիքով, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Սամվել Ֆարմանյանը նույնպես կարեւորել է քննարկվող վարկային համաձայնագրի վավերացումը եւ վստահություն հայտնել, որ այդ միջոցների հաշվին կբարեկարգվի քաղաքի արտաքին տեսքը, կխոչընդոտի քաղաքից արտագաղթը: Հովհաննես Մարգարյանը խոսել է Գյումրու ետերկրաշարժյան խնդիրներից, փողոցների անմխիթար վիճակից եւ բնակարանաշինության ոլորտի խնդիրներից: Նա հրատապ է համարել Գյումրիում աշխատատեղերի ստեղծումն ու վարկի արդյունավետ օգտագործումը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ներկայացրել է խմբակցության տեսակետը, հընթացս անդրադարձել համայնքների խոշորացման կառավարության ծրագրին՝ նշելով, թե հաշվի չեն առնվել համայնքների ղեկավարների կարծիքները: Խմբակցության ղեկավարը գործընկերներից ոմանց հորդորել է շնորհակալություն չհայտնել վարկային համաձայնագիր բերելու համար, քանի որ, նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ այն ավելացնելու է պետական պարտքը: Տիկին Բիշարյանը Գյումրիում փողոցների վերանորոգման նախատեսված աշխատանքները դիտարկել է որպես նախընտրական գործընթացի մաս: «Օրինաց երկիր» խմբակցությունը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկելու համաձայնագրի վավերացմանը:
Քննարկման ավարտին հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը լրացվել է երեք ընդունված առաջարկով:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերմամբ քննարկվել է նաեւ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախաիծը: Հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը ներկայացրել է, որ հաշվի են առնվել պատգամավորների եւ համայնքների առաջարկները. ըստ այդմ՝ Զորական համայնքը կհանվի Այրումի «փնջից» եւ Կողբի համայնքի հետ կդառնա մեկ «փունջ», իսկ Բերդավան համայնքը կընդգրկվի Նոյեմբերյանի «փնջում»:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված՝ «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված միջոցառումները կայուն ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական ոլորտի պետական արտադրող ընկերությունների, «ՀրազդանՋԷԿ» ԲԲԸ-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի վրա: Նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ հատվածում համարժեք եւ հուսալի էլեկտրաէներգիայի ապահովմանը:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, իսկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը:
Համաձայնագրի վերաբերյալ ելույթ են ունեցել Աժ պատգամավորները:
Արամ Մանուկյանը նշել է, որ էներգիա արտադրող որոշ ընկերությունների վատ կառավարման հետեւանքով կուտակվել են հսկայական պարտքեր: Պատգամավորը մտահոգություն է հայտնել նոր վարկերի ներգրավվման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը խոսել է էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների մասին, անդրադարձել պետական պարտքի ավելացմանը: Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ պետությունը փորձում է իր վրա վերցնել բիզնես սուբյեկտների ռիսկերը, ինչն անընդունելի է: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա զարգացած էներգետիկ համակարգ: Մհեր Շահգելդյանի գնահատմամբ՝ վարկեր վերցնելու քաղաքականությունը վնասելու է մեր տնտեսական անվտանգությանը եւ վտանգավոր է երկրի համար: Պարոն Շահգելդյանն այս համատեքստում անդրադարձել է պետական կառավարման արդյունավետության խնդրին եւ նշել, որ դեմ է վարկային ծրագրին: Հեղինե Բիշարյանը եւս խոսել է վարկեր վերցնելու վտանգների մասին եւ պետական ձեռնարկություններին վերահսկելու նպատակով առաջարկել ստեղծել հատուկ հանձնաժողով: Նա հորդորել է գործընկերներին դեմ քվեարկել:
Եզրափակիչ ելույթում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին:
Քննարկվել է 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ փաստաթղթով նախատեսվում է կողմերի միջեւ փոխադարձ առեւտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում: Մասնավորապես, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, որոշ ապրանքների հանդեպ նախատեսվում է կիրառել 0 տոկոս մաքսատուրք:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը քննարկման է ներկայացրել 2012 թվականի նոյեմբերի 7-ին Բաղդատում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների ներդրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ? նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:
Փաստաթղթի վերաբերյալ քննարկումը կշարունակվի հունիսի 17-ին:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
21:24 18-11-2014
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1286 դիտում
15:37 01-10-2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը. ՀԱԿ-ի ներկայացրած օրինագիծը մերժվեց
872 դիտում
15:49 21-10-2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»