211652_close_icon
views-count3722 դիտում article-date 22:15 20-06-2016

Սևանը և Իտալիայի Ավիլիանա քաղաքը դարձան քույր քաղաքներ

Հունիսի 18-ին Իտալիայի Ավիլիանայի քաղաքապետարանում տեղի ունեցավ Սևանի և Ավիլիանա քաղաքների միջև համագործակցության արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն, Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Ավիլիանայի քաղաքապետարանի անդամներ և Ավիլիանայի բնակիչ Կարեն Քէօքճեանը, ով դեռ 2008թ.-ին հանդես էր եկել նման նախաձեռնությամբ: Իր խոսքում Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն նշեց, որ «երկու փոքր քաղաք մեծ ու կարևոր գործ են կատարել՝ իրենց ներդրումը բերելով հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացմանը»: Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր ելույթում ընդգծեց ապակենտրոնացված համագործացկության նշանակալի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ այդ առումով մեծապես կարևորելով երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հաստատմանն ուղղված այս քայլը: Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց երկու քաղաքապետներին, ինչպես նաև Կարեն Քէօքճեանին՝ այս գործում ունեցած ավանդի ու դրսևորած նվիրումի համար: Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր ելույթում անդրադարձավ Սևանի և Ավիլիանայի միջև շփումների և համագործակցության պատմությանը, Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոյի՝ 2014թ. Սևան կատարած այցելությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Այնուհետև Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի և Ավիլիանայի Լճերի Սբ. Աստվածամոր տաճարի կաթոլիկ քահանա հայր Էցիոյի կողմից անցկացվեց Սևանի քաղաքապետարանի նվիրված և Ավիլիանայի մատուռին կից տեղակայված հայկական խաչքարի օծման արարողությունը:

Նմանատիպ նյութեր