211652_close_icon
views-count6118 դիտում article-date 01:09 22-06-2016

Եվրո-2016. Խորվաթիան առանց Մոդրիչի նոկաուտի ենթարկեց Իսպանիային. տեսանյութ

Սուպերսենսացիայով ավարտվեց Եվրո-2016-ի խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը` D խմբում: Եվրոպայի գործող չեմպիոններին խմբում առաջին տեղ գրավելու համար բավական էր նույնիսկ ոչ-ոքին: Իսպանացիները շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո Մորատան բացեց հաշիվը: Չնայած Խորվաթիայի կազմում բացակայում էր նրանց անվիճելի առաջատարը` Լուկա Մոդրիչը, սակայն դա չխանգարեց խորվաթներին ցուցադրել բավական համարձակ և գրագետ ֆուտբոլ, որի արդյունքն էլ եղավ Կալինիչի գոլը 45-րդ րոպեին: 2-րդ խաղակեսում իսպանացիները հսկայական առավելություն ունեին և մի շարք գոլային պահեր փչացնելուց հետո 72-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի հարվածը Խորվաթիայի դարպասապահ Սուբաշիչը կարողացավ ետ մղել: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն 87-րդ րոպեին խորվաթները հիանալի հակագրոհ ձեռնարկեցին, որը դիպուկ հարվածով ավարտին հասցրեց հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Իվան Պերիշիչը` 2:1: Խորվաթիան այս անակնկալ հաղթանակի շնորհիվ վաստակեց 7 միավոր և խմբում գրավեց 1-ին տեղը: Իսպանիան 6 միավորով 2-րդն է, և 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը: Խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ չեխերի նկատմամբ և վաստակելով 3 միավոր, խմբում գրավեց 2-րդ տեղը: Չեխիան 1 միավորով վերջին տեղում է: [b]Եվրո-2016, 3-րդ տուր, D խումբ[/b] Խորվաթիա - Իսպանիա՝ 2:1 Նիկոլա Կալինիչ, 45, Իվան Պերիշիչ, 87 – Ալվարո Մորատա, 7 Չեխիա - Թուրքիա՝ 0:2 Բուրակ Յըլմազ, 10, Օզան Թուֆան, 65
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր