2591 դիտում
15:47 27-06-2016
ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները
Հունիսի 27-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին:
Ա. Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դաժանությունների կոնկրետ օրինակները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն եւ բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ողջ իրավապաշտպան համակարգի համար: Այդ քաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Ա. Թաթոյանը կարեւորել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվող միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության կարեւորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների եւ մյուս գործընկերների հետ:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
16:04 27-05-2016
Ստրասբուրգում ՀՀ ՄԻՊ-ը Նիլս Մուժնիկսին է ներկայացրել ԼՂ նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի դաժանությունները
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին