Հայաստանը առաջին մեդալն է նվաճել Գիմնազիադայում. լուսանկարներ
Ինչպես Տրաբզոնից տեղեկացրեց Գիմնազիադա 2016-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը, համաշխարհային Գիմնազիադայի մրցումային առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար:
«Սուսերամարտի մրցումներում երեկ պայքարի մեջ մտան տղաները: Հայաստանը ներկայացնող Գյումրու մարզական քոլեջի սան Պարգև Ստեփանյանը ճկասուսերակիրների մրցավեճում ետ մնալով միայն Ֆրանսիայի և Թուրքիայի մարզիկներից՝արժանացավ բրոնզե մեդալի: Այսօր պայքարի մեջ կմտնի ճկասուսերակրուհի Սեդա Գևորգյանը:
Մրցումային երկրորդ օրը մեդալներ կխաղարկվեն նաև մեզ հետաքրքրող ազատ ոճի ըմբշամարտի և լողի մրցումներում: Հայաստանը Տրաբզոնում ներկայացված է 4 ազատ ոճային ըմբիշով և 2 լողորդով: Մեծ ակնկալիքներ կան հատկապես ըմբիշներից:
Երեկ կայացավ նաև մրցումների հանդիսավոր բացումը: Տոնահանդեսին իմ առաջարկով Տրաբզոն քաղաքի Աթաթուրքի անվան մարզադահլիճ Հայաստանի դրոշը մտցրեց արցախցի ծանրաքաշ ձյուդոիստ Արման Ավանեսյանը»,-հաղորդեց Արման Այվազյանը: