211652_close_icon
views-count12645 դիտում article-date 20:25 17-07-2016

Դավիթ Շահնազարյան. «Ձեր գործողություններով ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է»

Դավիթ Շահնազարյանը Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին կոչ է անում. «ցած դրեք զենքը, հանձնվեք իրավապահ մարմիններին»․ «Այս պահին գխավոր նպատակը արյունահեղությունից խուսափելն է եւ ստեղծված իրավիճակում բանակցությունների միջոցով հանգուցալուծումը: Մինչ այժմ զերծ էի մնում քաղաքական որեւէ մեկնաբանությունից` համարելով, որ ցանկացած քաղաքական մեկնաբանություն կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Բայց հիմա, կարծես դրությունն էլ ավելի է բարդանում։ Դիմում եմ այն անձանց, որոնք զավթել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը` Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին: Ձեր գործողությունները հարված են ոչ թե ՀՀ ներկայիս իշխանություններին, այլ մեր պետականությանը եւ մեր ժողովրդին։ Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ` դուք չունեք եւ չեք ունենալու հասարակական աջակցություն։ Կոչ եմ անում ձեզ` վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, եւ գուցե այդ դեպքում մեր հասարակությունը փոքր-ինչ մեղմի իր վերաբերմունքը ձեր հանդեպ, եւ դատարանը դա հաշվի կառնի։ Հակառակ դեպքում, հետագա արյունահեղության ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր եւ անձամբ Ժիրայր Սեֆիլյանի վրա: Վստահ եմ, որ այս կոչը պաշտպանում են մեր հասարակության ջախջախիչ մեծամասնությունը եւ ձեր հարազատները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն` անդրադառնալով այսօր մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը, որի արդյունքում կա մեկ զոհ, վիրավորներ եւ պատանդներ: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Նյութի աղբյուրը՝ [url=http://www.aravot.am/2016/07/17/716215/] www.aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր