211652_close_icon
views-count2125 դիտում article-date 16:05 29-07-2016

Հավանության է արժանացել ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ մուտքի մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ԵԱՏՄ պայմանագրի կարևոր տարրն է միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը: Այդ նպատակն է հետապնդում «Բրոքեր-լիդեր» պիլոտային ծրագիրը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություն մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար: Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու արձանագրության նախագծի կնքմանը: Դրա արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող միգրացիայի ոլորտում Ղազախստանի հետ համագործակցության հարցերը՝ ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ՂՀ տարածքում գտնվելու, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով: Կառավարության հավանությունն են ստացել Ղրղզստանի Հանրապետության հետ փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխման և հաշվառման համաձայնագրին միանալու, Ուզբեկստանի Հանրապետության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների պայմանները սահմանելու և Տաջիկստանի Հանրապետության հետ՝ առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները:

Նմանատիպ նյութեր