211652_close_icon
views-count4326 դիտում article-date 16:27 01-08-2016

Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեին: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Միխեիլ Զանելիձեն նշեց, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ցուցաբերված ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվեց առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների գերատեսչությունների միջև շարունակվում են ակտիվ փոխայցելություններն ու արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մշակութային ժառանգության պահպանման շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Զանելիձեն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը: Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանը և Ջանելիձեն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի հերոսների հրապարակում։

Նմանատիպ նյութեր