211652_close_icon
views-count1592 դիտում article-date 23:12 17-11-2016

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Բացելով հանդիպումը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը. նախորդը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին: Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և այսօրվա հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է: Մեր քննարկումներում հնարավորություն կունենանք հանգամանալից անդրադառնալ Ռիգայի գագաթաժողովից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում արձանագրված զարգացումներին և ձեռքբերումներին, կներկայացնենք մեր ակնկալիքները՝ 2017թ. կայանալիք գագաթաժողովին ընդառաջ»: Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց նաև ոլորտային, մասնավորապես՝ հետազոտությունների և նորարարությունների ոլորտում երկխոսությունը: Նշելով, որ դա գերակա ոլորտ է հանդիսանում, Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ ԱլԳ մասնակից պետությունների կայուն տնտեսական զարգացումը կախված է նաև հետազոտությունների և նորարարությունների ռազմավարությունների որակից և դրանց իրագործման արդյունավետությունից: Խոսելով Հայաստան-Երոպական միություն հարաբերությունների մասին՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտեց. «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց: Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության Horizon 2020 ծրագիրը: Մեկնարկ է տրվել Ստեղծագործ Եվրոպա նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաև, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, ինչպես նաև հուսով ենք շուտով մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ մեր խորհրդակցությունները։ Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»։

Նմանատիպ նյութեր