39931 դիտում
22:10 02-08-2016
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար. տեղի ունեցավ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների զինվորական երդման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգօստոսի 2-ին, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար: Այնտեղ տեղի ունեցավ գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների զինվորական երդման արարողությունը՝ բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու մի միջոցառում, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետեւեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։
Նախ տեղի ունեցավ բուն երդման արարողությունը, այնուհետև նորակոչիկներին օրհնեց և բարի ծառայություն մաղթեց Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
Ելույթով հանդես եկավ գնդապետ Տոնոյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց.
-Սիրելի՛ նորակոչիկներ, կուզենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը խորությամբ ըմբռներ զինվորական երդման խորհուրդը եւ այս երկու տարիների ընթացքում զինվորական ծառայությունը անցկացներ իր տված երդմանը համապատասխան, ասել է թե՝ նվիրվածությամբ։ Ձեզնից յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից եւ մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը…
Նորակոչիկներից մեկը նույնպես հանդես եկավ իր և ընկերների անունից, որում ասաց.
-Այսօր մեզ համար մեծ տոն է, հիշարժան եւ անմոռանալի։ Մեզանից յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր այս օրվան։ Երդում ենք տալիս մեր հայրենիքին, հանուն ազգի իրենց կյանքը զոհած մեր եղբայրներին։
Մենք՝ նորակոչիկներս, որպես հաղթանակած ազգի զավակներ, կփորձենք արժանի լինել նրանց եւ համախմբվել հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գաղափարի շուրջ եւ առանց երկմտանքի պատրաստ լինել զոհաբերության հանուն Հայաստանի Հանրապետության։
Մեր հայրենիքի ապագա պաշտպանների արարողության ավարտին մոմ վառեցին, աղոթք բարձրացրին և մեկը մյուսին բարի և անփորձանք ծառայություն մաղթեցին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 266+
266+