59728 դիտում
20:57 24-09-2016
Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում «ասեղ գցելու» տեղ չկար․ պատճառը խորովածի փառատոնն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած թվով 8-րդ համահայկական «Խորովածի» փառատոնը:
Փառատոնը կազմակերպել էին Ախթալայի քաղաքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ը: Այս միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնին մասնակցում էին 26 թիմեր՝ Հայաստանի առաջատար տասնյակ ռեստորաններից ու անհատներ` Երևան քաղաքից և մարզերից, նաև 3 թիմ հարևան Վրաստանի Հանրապետությունից։ Իսկ մրցույթի ժյուրին բաղկացած էր 8 հոգուց:
Միջոցառմանը մասնակցում էին Ախթալայի քաղաքապետը, հյուրեր Հայաստանի ողջ տարածքից և արտերկրից, նաև իր հաճելի ներկայությունն էր ապահովել հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի թոռը, ով այս փառատոնին վերջին անգամ եղել էր 5 տարի առաջ: Միջոցառումը իրենց գեղեցիկ կատարումներով զարդարում էին ՀՀ ՊՆ N զորամասի նվագախումը և The Beautified Project ռոք խումբը:
Մրցույթում առաջին տեղը գրավեց «Ծիրանի» ռեստորանային թիմը, իսկ «լավագույն տեսք» անվանակարգում ոսկե մեդալ ստացավ «Արևելյան խոհանոցը»։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 501+
501+