211652_close_icon
views-count5950 դիտում article-date 22:41 05-08-2016

Մեկնարկեցին «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի երգչախմբային արվեստի օրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 5-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի՝ երգչախմբային արվեստի օրերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Էստոնիայի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի երգչախմբերը: Առաջինը բեմահարթակը տրամադրվեց Ռուսաստանի «Շողեր» երգչախմբին, որին հաջորդեցին Վրաստանի «Ներսես Շնորհալի», Արթիկի մանկական, Լիբանանի «Այգ» երիտասադական, Արցախի «Վարանդա», Եգիպտոսի «Արաքս», Էստոնիայի «Երազանք», Սիրիայի «Ովսաննա», Իրանի «Տաթև», Վանաձորի կամերային երգչախմբերի, Հայաստանի պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլի ելույթները: Համերգային ծրագիրն իր ելույթով եզրափակեց Հայաստանի պետական ազգային ակադեմիկան երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ կատարվեց Կոմիտասի «Կալի երգը», որից հետո բեմ բարձրացան միջոցառման մասնակից բոլոր երգչախմբերը և միասին կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» երգը: Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը. «Սիրելի´ հայրենակիցներ,  ողջունում ենք ձեզ Հայրենիքում: Ուրախ ենք ձեր աչքերում տեսնել այսքան մեծ ոգևորություն, բարո՛վ եք եկել: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյաններին նվիրված փառատոնը Հայրենիքում նոր ուժ և հոգևոր սնունդ ստանալու հնարավորություն է ընձեռում ձեզ: Հայաստանում ձեր ելույթները ոչ միայն տաղանդն ու գիտելիքները ներկայացնելու, լայն ճանաչում ձեռք բերելու, միմյանց հետ ավելի սերտորեն հարաբերվելու հնարավորություն են, այլև՝ կատարած հայրենանվեր աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն»: Երգչախմբային արվեստի օրերը կանցկացվեն օգոստոսի 5-10- ը Հայաստանի մարզերում և Երևանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր