211652_close_icon
views-count4609 դիտում article-date 13:46 09-08-2016

Երգչախմբային արվեստի երեկո` «Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում

Երևանի քաղաքապետարանը «Նաշոտ տուր» ընկերության հետ համատեղ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի «Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում կազմակերպել էր երգչախմբային արվեստի երեկո: «Քեզ Երևան» խորագրով բազմաժանր երաժշտական ծրագրով հանդես է եկել Ֆրանսիայի Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախումբը, որի կազմում, ի դեպ, նաև հայեր կան, հիմնադրվել է ավելի քան 15 տարի առաջ: Երգչախումբը կազմված է 20-70 տարեկան տարբեր ազգությունների սիրողական և պրոֆեսիոնալ ավելի քան 100 երգիչներից: Երեկոյի ընթացքում հատուկ Երևանյան համերգի համար հնչել է ստեղծագործություն ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկից, ինչպես նաև հայալեզու մեկ երգ և ֆրանսերենից հայերեն թարգմանված հոգևոր երաժշտություն: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ երգչախմբի հետ Երևանում համերգ կազմակերպելու աշխատանքները դեռ գարնանից էին մեկնարկել, իսկ այսօր արդեն գաղափարը կյանքի կոչվեց`«Երևանյան ամառ 2016» -ի շրջանակում ևս մեկ գեղեցիկ միջոցառում նվիրելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ֆրանկլին Ակոան էլ վստահեցրել է, որ թեև խումբը համերգային շրջագայությունների մեծ փորձ ունի, այդուհանդերձ հայաստանյան և մասնավորապես երևանյան համերգին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել: Համերգային երեկոն ընդմիջվել է Երևանի քաղաքապետարանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարումներով: Համերգին ներկա հանդիսատեսն իր գոհունակությունն է հայտնել երգչախմբային արվեստի երեկոյի և ներկաներին շուրջ 2 ժամ տևողությամբ բարձրաճաշակ երաժշտություն մատուցելու համար:

Նմանատիպ նյութեր